Աֆրիկա այցի ճանապարհին Թուրքիայի նախագահ Էրդողանն ինքնաթիռում զրուցել է թուրքական մամուլի ներկայացուցիչների հետ, հայտնում է Sabah պարբերականը։
Զրույցի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանն առնչվող վերջին զարգացումներին՝ որակելով Պուտինի որոշումն «անընդունելի»։ Նա կողմերին եւս մեկ անգամ կոչ է արել սթափ լինելու եւ գնալու խաղաղարարական լուծումների։ Բացի այդ՝ նշել է, որ որպես սեւծովյան ավազանի երկիր՝ Թուրքիան անհրաժեշտ բոլոր նախապատրաստական միջոցառումներն իրականացրել է։
«Այս պահի դրությամբ շատ անհասկանալի է, թե ում եւ ինչի համար են ԱՄՆ-ի հայտարարությունները, ու հատկապես Մյունխենի կոնֆերանսի տարօրինակություններն ինչ նպատակի են ծառայում։ Ըստ իս՝ Մյունխենի կոնֆերանսը ոչինչ է, քան պարզապես ՆԱՏՕ-ի գագաթնաժողով։ Այս ճգնաժամի սկզբից ի վեր մենք անկեղծ ջանքեր ենք գործադրել՝ մեղմացնելու լարվածությունը։ Բացեիբաց հայտարարել ենք ճգնաժամի լուծման վերաբերյալ մեր գաղափարները։
ԱԳՆ այսօրվա հայտարարությունում նշվել է, որ Ռուսաստանի որոշումը Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման վերաբերյալ հակասում է Մինսկի համաձայնագրերին ու խախտում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Մենք Ռուսաստանի այս քայլն անընդունելի ենք համարում»,- իր խոսքում նշել է Էրդողանը։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավոր պատերազմը կարո՞ղ է վտանգ ներկայացնել Թուրքիայի համար՝ որպես սեւծովյան ավազանի երկրի, Թուրքիայի նախագահը պատասխանել է․ «Այո՛, մենք սեւծովյան պետություն ենք, այդ պատճառով պարտադիր է անհրաժեշտ միջոցառումների փաթեթ կազմել։ Մենք, իհարկե, անհրաժեշտ քայլերը ձեռնարկել ենք, շարունակում ենք ձեռնարկել։ Նույն կերպ էլ շարունակելու ենք մեր գործողությունները։ Որպես սեւծովյան ավազանի երկիր՝ մեզ բաժին ընկած պատասխանատվությունը չենք անտեսում»։
Զելենսկիի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Թուրքիա, Գերմանիա հնարավոր ընդհանուր գագաթնաժողովի մասին հայտարարության առիթով Էրդողանը նշել է հետեւյալը․ «Եթե առաջարկն իրականացման փուլին հասնի, մենք, իհարկե, կմասնակցենք։ Ես սրա մասին նախկինում եւս խոսել եմ։ Հենց նման քայլեր էլ պիտի ձեռնարկվեն։ Հարգելի պարոն Զելենսկիի առաջարկը դրական մոտեցում է խնդրի լուծման տեսանկյունից։ Եթե առաջարկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու մյուս պետությունները դրական արձագանքեն, հանդիպմանը մենք նույնպես կմասնակցենք»։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը