Աչքերս քոռանային լուրեր չկարդայի, ականջներս խլանային ԱԺ պատգամավորների ելույթները չլսեի։ Ախր ամեն անգամ ինքս ինձ ասում եմ՝ «Քեզ պե՞տք է»։ Հետո, մեկ է, չի ստացվում, էլի անկախ ինձնից կարդում/լսում եմ եւ ակամա հիշում էն ժողովրդական հեքիաթը, որում կախարդը չար աղջկան անիծում է, թե՝ «Հենց սկսես խոսել՝ բերանիցդ օձեր ու կարիճներ թափվեն»։
Հիմա ինձ թվում է էդպիսի մեկը կախարդել կամ հմայել է ՀՀ ԱԺ մի խումբ կարկառուն պատգամավորների՝ ասելով. «Հենց սկսեք խոսել՝ բերաններիցդ տգիտություններ ու անհեթեթություններ դուրս գան»։
Չե՞ք հավատում։ Դուք էլ լսեք.
«Մենք ունենք լրջագույն խնդիրներ, եւ այդ լրջագույն խնդրի անունը ընդդիմություն է՝ խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական: Դա այն մարդիկ են, որոնք առավոտից երեկո գալիս են եւ այս ամբիոնից, այլ ամբիոններից շահարկում են հետպատերազմական իրավիճակը, շահարկում են մեր եղբայրների գերության մեջ լինելու հարցը, շահարկում են Սյունիքի անվտանգության հարցը տարբեր տեսքերով, տարբեր ձեւերով: Ամեն անգամ այս իրավիճակին տալիս են այլ գույներ, խտացումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»:
Սա ասել է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը։ Վերջ, Հայաստանում ուրիշ խնդիր չկա։ Մենակ էդ փիս ընդդիմությունն է։ Հենց դրանց հարցերը լուծեն՝ գերիները վերադառնալու են, հիվանդները բուժվելու են, Քովիդը վերանալու է, ներդրումները Հայաստան են հոսելու՝ ինչպես առատության եղջյուրից, երկիրն էլ դառնալու է ծաղկուն դրախտ։
Ընդդիմության մեծամասնությունն աչքիս լույսը չի, բայց ո՞նց Արփինե Դավոյանին չասես. «Աղջիկ ջան, դրանից առաջ լրջագույն խնդիրը ձեզ նմաննների հայտնվելն է խորհրդարանում։ Եթե իշխանությունն ուրիշ հակառակորդ էլ չունենա, ձեր մեկ-երկու նման անհեթեթ միտքը (մեղա, մեղա «միտք» բառը անհարկի շահարկելու համար) բավական է, որ այդ հակառակորդների թիվը կրկնապատկվի»։ Եվ ընդհանրապես, Դավոյանին պետք է ինչ-որ մեկը գլխի գցի, որ ինքը քաղաքականությունից այնքան է հեռու, ինչքան բեւեռային արջը՝ իր հայրենի Լոռու քոլերից։
Քոլ ասացի թե չէ, մեկ էլ ըհը՝ նույն խմբակցության մեկ այլ կարկառուն՝ Հովիկ Աղազարյանը (քիչ էր մնում գրեի Աբրահամյանը, զի նա է ասել, թե քաղաքականությամբ զբաղվելու համար խելքը պարտադիր չէ) նետեց հերթական դարակազմիկ միտքը (քառակի մեղա «միտք» բառը անհարկի շահարկելու համար)՝ armdaily.am կայքի հետ զրույցում հայտարարելով. «Հիմա, թե քանի հոգի են այս պահին (Ադրբեջանում գտնվող հայ գերիները – Մ․ Հ․), ի՞նչ կարեւոր է»:
Տարբեր կայքերում կարդալով՝ չհավատացի։ Գտա սկզբնաղբյուրը՝ դիտեցի տեսագրությունը, արագ սկսեցի ինքս ինձ կճմտել, մորուքս ձգել. չէ, ոնց որ թե երազ չի, հենց էդպես էլ ասում է։ Չալարեցի, դիտեցի 4 րոպե 8 վայրկյան տեւող այդ զրույցը՝ գոնե մի հոդաբաշխ միտք լսելու ակնկալիքով։ Ավաղ։ Հասկացա, որ անգամ այդ չորս րոպե ութ վայրկյանին դիմանալը մազոխիզմի կնմանվի։ Բայց ես, ոչինչ, դիմացա։ Իսկ իմ բարեկամներից մեկը ահա թե ինչ պատմեց. երեւանյան մի սովորական ընտանիք, որի հարազատները նույնպես գերի ընկած զինվոր ունեն։ Կինը խոհանցում, ամուսինը՝ համակարգչի առաջ։ Թափով խոհանոց է գալիս երեխան ու ասում «Մամ, պապան ինչ-որ տեսանյութ նայեց ու սկսեց գոռգոռալ»։
— Ի՞նչ ասաց, — հարցնում է մայրը։
— Քֆուրները հանե՞մ։
— Հա։
— Լուռ էր գոռգոռում,- ասում է էրեխեն։
Այ հիմա էլ գրեցի «էրեխեն» ու աչքիս առաջ հառնեց «կլասիկների» կուսակցության էրեխեն։ Գեւորգ է անունը, ազգանունն էլ Գորգիսյան։ Այ, էս տղայի դեպքում վերոհիշյալ կախարդը (դե նա, որ ասել է «Հենց սկսեք խոսել՝ բերաններիցդ տգիտություններ ու անհեթեթություններ դուրս գան»), հյուսիստիզբոներենով ասած՝ «перестарался» — չափից ավելի է ջանադիր աշխատել:
Ուրեմն, այս Գորգիսյանը Հանրայինի եթերում հայտարարել է. «Մեղրիի բնակիչները հիշում են, որ խորհրդային տարիներին շատ են եղել դեպքեր, երբ ադրբեջանցիները գյուղերից աղջիկներ են առեւանգել, հետո նրանց գտել են բռնաբարված կամ բռնաբարված եւ սպանված»։
Նախ իրեն պատգամավոր համարողին պետք է հասկացնել, որ հանցագործը հանցագործ է, բռնաբարություններ կարող են լինել ցանկացած երկրում, դա կարող են անել ամերիկացին, ռուսը, հնդիկը, չինացին, զուլուսը, հայը, ադրբեջանցին, եւ առեւանգումն ու բռնաբարությունը պարտադիր չէ, որ կատարվեն ազգային հողի վրա։
Երկրորդ, պաշտոնապես հայտարարում եմ, որ Գորգիսյանը սուտ է ասում. ես մինչեւ 1990 թվականը ապրել եմ Մեղրիում, նման դեպք (այն էլ շատ) չի եղել։ Նման բան չեն հիշում նաեւ իմ հայրենակիցները։ Ահա, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Պապ Օհանյանը, նույնպես գրառում է արել. «Որպես Մեղրիում ծնված եւ մինչեւ այս պահը ապրող անձ, հայտարարում եմ, ասվածը կատարյալ սուտ է․ նման բան երբեք չի եղել, ակնկալում եւ սպասում եմ, որ վիրավորանք պարունակող եւ իրականությանը չհամապատասխանող լուրը տարածողը ներում հայցի մեղրեցիներից»։
Եվ վերջապես, սեփական քաղաքական խաղերի համար նման ստախոսության դիմելը վիրավորանք է ոչ միայն մեղրեցիների, այլեւ ողջ հայության համար։ Որովհետեւ այս երիցս «կախարդվածը» հերթական անգամ ուզում է ասել, թե մենք վախկոտ, կոտորված ազգ ենք, ադրբեջանցին մեզ կարող է սպանել, բռնաբարել եւ այլն։
Անկեղծ ասած, ես մի կերպ զսպեցի իմ էմոցիաները, որ այդ ստախոսին երկու սիրուն բառ չասեմ։ Բայց իմ հայրենակիցները խոստացել են, որ հենց Գորգիսյանը հայտնվի Մեղրիում, նրան գործնականում կբացատրեն իր ծննդյան առեղծվածն ու գոյության իմաստը։
Չկարծեք, թե այս պատգամավորներով «կախարդվածների» շարքը սկսվում եւ ավարտվում է։ Բնավ։ Նրանք շատ են, պարզապես մի հոդվածում բոլորին չես անդրադառնա։ Բայց, հավատացնում եմ, հետեւելու եմ եւ բոլորի անհեթեթություններն արժանանացնելու եմ նույն ծաղրին։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։