Փետրվարի 22-ին մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, բացասաբար արձագանքեցին Ռուսաստանի՝ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման որոշմանը, մի քանիսն անգամ արդեն պատժամիջոցներ են սկսել կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ Բայց, մյուս կողմից, որոշ պետություններ Ռուսաստանին աջակցող հաղորդագրություններով հանդես եկան, հայտնում է թուրքական Sözcü օրաթերթը։
Սիրիայի կառավարությունը հայտնել է իր «աջակցությունը» Ռուսաստանին․ պետությանը պատկանող լրատվամիջոցում հրապարակված հայտարարությունում նշվել է, որ Բաշար Ասադի կառավարությունը «պատրաստվում է համագործակցելու Դոնեցկի ժողովրդական հանրապետության ու Լուգանսկի ժողովրդական հանրապետության հետ»։
Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան եղավ աշխարհում առաջին լիդերը, որ փետրվարի 22-ին արած իր հայտարարությունում նշեց, որ աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող զարգացումներում ու ճիշտ է համարում Պուտինի՝ անկախության ճանաչման վերաբերյալ որոշումը։
Փետրվարի 21-ին Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Չինաստանի վրա։ Իսկ Ռուսաստանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Չինաստանի՝ ՄԱԿ-ում ներկայացուցիչ Չժան Ցզյունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ իր ելույթում նշեց, որ Պեկինը կաջակցի դիվանագիտական ճանապարհով խնդրի լուծմանն ուղղված ցանկացած ջանքի, հայտնում է պարբերականը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը