Դեռ 2007 թվականից գիտնականները, հասարակական կազմակերպություններն ու լրագրողներն ահազանգում են Արարատյան արտեզյան ավազանի վտանգված լինելու մասին: Հաջորդ տարիներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) ֆինանսավորմամբ իրականացված հետազոտությունների շնորհիվ հաստատվեց, որ ավազանի ստորերկրյա ջրերի ծավալն արագորեն նվազում է: Հետազոտությունների միջոցով նաեւ բացահայտվեց, որ հիմնական պատճառը Արարատյան դաշտում զարգացող ձկնարդյունաբերությունն է:
Ձկնարտադրության նպատակով շարունակաբար ավելացող հորատանցքերի պատճառով գյուղացիներից շատերը զրկվել են իրենց դաշտերը ոռոգելու հնարավորությունից, քանի որ Արարատյան արտեզյան ավազանի ինքնաշատրվանող ջրհորներում ջուրը գնալով նվազում է կամ ցամաքում: Մինչդեռ դրանք բազմաթիվ գյուղերի անգամ խմելու ջրի միակ աղբյուրն են:
Օրերս Արարատյան արտեզյան ավազանի ոչնչացման սպառնալիքը կրկին քննարկման առարկա էր դարձել «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական հասարակական կազմակերպության (ՀԿ) նախաձեռնությամբ: Կազմակերպությունը «Բնապահպանություն եւ իրավունք» խորագրով քննարկումների շարք է մեկնարկել։
Իրավաբան Արթուր Գրիգորյանը լսարանին ներկայացրեց արտեզյան ջրերի խնդիրը հատկապես կլիմայի փոփոխության պայմաններում, երբ մի կողմից նպատակ է դրված մինչեւ 2030 թվականը համապատասխան գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու կամ դրանց հարմարվելու համար, մյուս կողմից ջրային ավազանի սխալ կառավարումը հանգեցնում է հակառակ էֆեկտին: Նա նշեց, որ Հայաստանն առավել խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ ու համարվում է ջրային սթրես ունեցող երկիր:
Էկոիրավունքի ջատագով Արթուր Գրիգորյանի դասախոսությունը հիմնված էր ՀՀ Կառավարության հետ համագործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացված «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի 2020 թվականին հրապարակված արդյունքների վրա: Մինչ այդ որոշումների կայացման համար հիմք են հանդիսացել դեռեւս խորհրդային տարիներին կատարված հաշվարկները. Արարատյան արտեզյան ավազանի վերաբերյալ տվյալները չէին թարմացվել 1984 թվականից ի վեր:
Արարատյան դաշտում կան 2807 հորեր, որոնցից 700-ը չեն օգտագործվում, սակայն դրանք եւս ունեն արտահոսքեր, քանի որ վթարված են, փականներ չունեն, չեն կոնսերվացվել եւ այլն: Այսինքն՝ ավելի քան 30 միլիոն խմ ջուր աննպատակ դուրս է հորդում: Հորերից 42%-ը շատրվանող են, մյուսներից ջրառն իրականացվում է պոմպերի միջոցով: Ըստ հետազոտության արդյունքների՝ արտեզյան ավազանի շատրվանող գոտին արդեն իսկ կիսով չափ կրճատվել է: Շատրվանող հորերի թիվը գնալով ավելի ու ավելի է նվազում, քանի որ ցածրադիր տարածքներում ձկնաբուծության համար փորված հորերը խլում են վերին հատվածի ջրհոր-շատրվանների ճնշումը:
Խնդիրը նաեւ այն է, որ ջրառը գերազանցում է թույլատրելի սահմանը: 926,7 մլն խմ առավելագույն թույլատրելի քանակի փոխարեն Արտեզյան ստորերկրյա ավազանից վերցվում է գրեթե 1608,0 մլն խմ ջուր, այսինքն՝ տեղի է ունենում 681 մլն խմ ջրի գերշահագործում:
810 մլն խմ ջրառը բաժին է ընկնում ձկնաբուծարաններին: Վերջիններիս օգտագործած ջրի ավելի քան 93%-ն ուղղակի ընդերքից հանվում ու արտոհոսքով հեռանում է: Մեծ մասը լցվում է դրենաժային համակարգ եւ հոսում երկրից դուրս՝ խաթարելով նաեւ դրենաժային համակարգերի աշխատանքը: Փաստորեն զարգացող ձկնաբուծության պատճառով դաշտերի մի մասը մնում է անջրդի, մի մասը գերխոնավանում ու ճահճանում է, դրենաժային համակարգում ջրի մակարդակի բարձրացումն էլ պատճառ է դառնում մնացած հողերի աղակալման ու ալկալիացման:
«Խնդիրը թույլտվության անօրինականությունն է, քանի որ ավելին են թույլ տվել, քան կարելի էր»,- նշեց բանախոսը: Միայն 2016-2019 թվականներին, երբ արդեն խնդիրը ոչ միայն ակնառու էր, այլեւ գիտականորեն հիմնավորված, 300 մլն խմ-ով ավելացել է թույլատրված ջրառը:
Դասընթաց-քննարկման մասնակիցները փաստեցին, որ ոռոգման ջրանցները դատարկ են՝ որպես օրինակ նշելով Կախանովի ջրանցքը: Նրանք զարմանքով հարցրին, թե ինչու գոնե ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջուրը չի մաքրվում ու ուղղվում ոռոգման ցանց:
Ոռոգման ջրի լուրջ խնդիր առաջացել է 2014 թվականին: Դրան հաջորդող 2017, 2018 եւ 2021 թվականներին եւս Արարատյան դաշտի հողերը ոռոգելու նպատակով Սեւանից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել: Խնդիրը գնալով կարող է սրվել, քանի որ կլիմայի փոփոխության հնարավոր բոլոր սցենարներով մինչեւ 2040 թվականը մեր երկրում նկատվելու են տարեկան միջին ջերմաստիճանի բարձրացում եւ ջրի պակասորդ: Զուգահեռ մեծանալու են նաեւ էլեկտրաէներգիայի ծախսերը, քանի որ ՋՕԸ-ները ստիպված են լինելու ջրառը պոմպերի միջոցով իրականացնել:
Բանախոսի տեղեկացմամբ, հավելյալ ջրառի անհրաժեշտություն կառաջանա նաեւ ատոմակայանի հովացման համակարգի համար, ինչը նշանակում է, որ նոր հորեր բացելու անհրաժեշտություն կառաջանա:
Դասընթաց-քննարկման մասնակիցների կարծիքով միայն այս հանդիպումը բավարար չէ, անհրաժեշտ են լուրջ քայլեր, քննարկումներ՝ շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավմամբ: Ի վերջո պետք է որոշել՝ Արարատյան դաշտում որն է առաջնահերթ՝ ձկնարտադրությո՞ւնը, թե՞ հողագործությունը, գուցե խմելու ջրի հասանելիության ապահովումը: Հաշվի առնենք, որ ավազանի ստորգետնյա աղբյուրները մատակարարում են նաեւ Երեւանին, Արտաշատ, Արմավիր, Էջմիածին քաղաքներին ու հարակից համայնքներին:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։