ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը դեռեւս ամբողջությամբ կարգավորված չէ, բայց առաջխաղացում կա:
Պուտինը նշել է, որ արդեն որոշակի պայմանավորվածություններ կան ոչ միայն ԼՂ-ում բնակվող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, այլեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեսանկյունից:
Պուտինը հավելել է, որ դեռ կան վեճեր, շատ անելիքներ: «Մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այդ գործընթացը զարգանա խաղաղ ճանապարհով, եւ որ մենք հասնենք այդ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի բավարարմանը»,- ընդգծել է ՌԴ նախագահը:
Տրանսպորտային հաղորդակցությունը պետք է վերականգնվի
Ամփոփելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքները՝ ՌԴ նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները անհրաժեշտ է վերականգնել։
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ավելի քան 4 ժամ տեւած բանակցությունների արդյունքում ստորագրվել է 40 կետերից բաղկացած դաշնակցային փոխգործակցության հռչակագիր, որը ներառում է փոխգործակցություն տարբեր ոլորտներում։