«Ընդվզման սրբապատկեր դառնալով՝ Նավալնին ավելի վտանգավոր կլինի Պուտինի համար: Ռուսաստանը շատ կոպիտ է հակազդում Ալեքսեյ Նավալնուն: Այդ կոպտության հետեւում քողարկված է հեղինակությունը կորցնելու՝ Պուտինի վախը: Սակայն տեղի ունեցողը Նավալնուն կարող է դարձնել ընդվզման լուսատու: Կրեմլի համար դրանից ավելի մեծ սպառնալիք կառաջանա, քան Արեւմուտքի բոլոր կոչերն են», — գրում է գերմանական «Die Welt» պարբերականը:
«Պետական ռեպրեսիաների ամբողջ դաժանությունը, որն հիմա իր մաշկի վրա է զգում Նավալնին, սոսկ ամրապնդում է ընդդիմադրի կերպարը: Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում հաստատում է նրա դերն իբրեւ Պուտինի գլխավոր թշնամու,- նշում է «Die Welt»-ը։- «Բեռլինյան խնամյալը», «Բլոգերը», որի անունը Վլադիմիր Պուտինը չի տալիս՝ դրանով իբրեւ թե ակնարկելով նրա անկարեւորությունը, կարող է դառնալ աշխարհում հայտնի քաղբանտարկյալ, որը բուն Ռուսաստանում ավելի մեծ համակրանքի կարժանանա»:
«Կրեմլի համար դյուրին կլիներ հանգիստ վերաբերվել Նավալնու գործին. որքան քիչ դրան ուշադրություն դարձվի, այնքան քիչ կլինի վրդովմունքը: Իշխանությունները կարող էին Ալեքսեյ Նավալնուն հնարավորություն տալ առանց խոչընդոտի վերադառնալ Ռուսաստան՝ հետն էլ փոքրիկ նվեր մատուցել՝ թույլ տալով, որ կողմնակիցներն ու ընկերները դիմավորեն նրան,- հուշում է «Die Welt»-ի հոդվածագիրը, որն ասես ոչ այնքան ընդդիմադիր գործչի ճակատագրով է անհանգստացած, որքան՝ մտահոգված Կրեմլի վարկանիշով: «Այնուհետեւ, մի քանի շաբաթ անց, երբ Ռուսաստանում ու ամբողջ աշխարհում Ալեքսեյ Նավալնու հանդեպ հետաքրքությունը կամաց-կամաց կմարեր, Կրեմլը կարող էր նրա դեմ նոր դատավարություններ սկսել՝ այդպիսով 2021-ի ՌԴ պետդումայի ընտրությունների մեկնարկից առաջ Նավալնուն զրկելով նախընտրական եռանդից»:
«Այդ սցենարն իրականացնելու համար կպահանջվեր քաղտեխնոլոգների եւ քաղաքական PR մասնագետների նրբարվեստ աշխատանքը: Ռուսաստանում բազմիցս կիրառված խորամանկ մարտավարության վրա դրույք դնելու փոխարեն՝ Նավալնու դեպքում պետությունը նախընտրեց կոպիտ գործելաոճը՝ միանգամայն խորհրդային գաղտնի ոստիկանության ոգով»,- ափսոսանքով արձանագրում է «Die Welt»-ը:
Պատրաստեց՝ Ռոբ Մանուկյանը