Հայաստանի իշխանությունները չեն շտապում արձագանքել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրին։ Համառ լռություն է նաեւ այդ փաստաթղթի ստորագրումից հետո երկու երկրների ղեկավարների հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ։
Այս թեմայով որեւէ արձագանք, որեւէ մեկնաբանություն չեղավ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Փոխարենը վարչապետը գերադասեց մանրամասն խոսել դպրոցների ու մանկապարտեզների հիմնանորոգման մասին, մարզերին տրվող սուբսիդիաներից եւ այլն։ Այս հարցում լուռ է նաեւ ԱԳՆ-ն։ Ոչ էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցեց կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցներին։
Մինչդեռ կային որոշ դրվագներ, որոնց վերաբերյալ Հայաստանի արձագանքը միանգամայն տեղին կլիներ։ Թեկուզ՝ Ալիեւի հայտարարությունները, թե ակնկալում են, որ Հայաստանը կատարի նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ դուրս հանի զորքերը Լեռնային Ղարաբաղից եւ ապահովի հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի ու Նախիջեւանի միջեւ։
Որքան մեզ հայտնի է, եռակողմ հայտարարության մեջ (որն, ի դեպ, հրապարակված է համացանցում) որեւէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերը դուրս հանելու մասին։ Եվ ուրեմն, ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը։ Արդյո՞ք խոսքը Պաշտպանական բանակը լուծարելուն է վերաբերում, թե՞ ոչ։ Ամեն դեպքում սա այն կարեւոր հարցերից էր, որ արձագանք է պահանջում։
Ի դեպ, եռակողմ համաձայնագրի 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների վերադարձին։ Իսկ 9-րդ կետում նշված է տնտեսական ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին։ Ու թեեւ արդեն գործնական քայլեր են արվում հայտարարության վերջին կետի՝ ապաշրջափակմանը վերաբերող դրույթի կատարման ուղղությամբ, բայց դեռ չեն վերադարձվել ռազմագերիները։
Ավելին՝ Պուտին-Ալիեւ հանդիպման ժամանակ խոսք էլ չեղավ այդ մասին, չխոսվեց հումանիտար խնդիրներից։
Ընդհակառակը, բավական լայն անդրադարձ եղավ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցին։ Ինչպես Վլադիմիր Պուտինն էր նշել, պայմանավորվել են հետագայում եւս աջակցել տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապերի շուտափույթ ապաշրջափակմանը, քանի որ դրանում շահագրգռված են գործընթացի բոլոր մասնակիցները, ինչպես նաև հարեւանները։ Բացի այդ՝ ՌԴ նախագահը հայտարարել է, թե կշարունակեն հնարավոր աջակցություն ցուցաբերել ցանկացած վեճի լուծմանը, այդ թվում՝ սահմանների կարգավորմանը, օգնելու լուծել առկա սուր խնդիրները։
Եվ ուրեմն, Հայաստանն այս հարցում ունի՞ ասելիք, թե՞ ոչ։
Թե՞ Հայաստանին այնուամենայնիվ թույլատրված է խոսել այնքան, որքան թույլատրված է։ Եւ այս համատեքստում պատահական չէին ՌԴ նախագահի հայտարարությունները, թե հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ, եւ վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ ծավալով, լիարժեք իրականացման կարեւորությունը։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: