Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության՝ Մարդու Իրավունքների Եւրոպական Դատարանը 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի գործով որոշում է կայացրել:
Վրաստանը Ռուսաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում էր ներկայացրել 2008 թվականի օգոստոսի 11-ին, սակայն այն վերջնականապես ընդունվեց 2011-ի դեկտեմբերի 13-ին, իսկ 2012-ի ապրիլի 3-ին գործը քննարկման ուղարկվեց Մեծ պալատ, որտեղ վերջին բանավոր լսումը տեղի ունեցավ 2018-ի մայիսի 23-ին:
Դատարանն ընդունել է, որ Ռուսաստանը 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներ:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառումով. «Այսօր Վրաստանի նորագույն պատմության կարեւոր օրերից մեկն է: Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում Վրաստանի դատական հայցն ընդդեմ Ռուսաստանի ավարտվեց Վրաստանի հաղթանակով: Սա մեր ընդհանուր հաղթանակն է»:
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ռուսաստանը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում իրականացրել է վրացիների էթնիկական զտումներ: Հիմնավոր է համարել Վրաստանի դիրքորոշումը վրացի ռազմագերիների ու խաղաղ բնակիչների նկատմամբ խոշտանգումների, անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի մեջ Ռուսաստանի պատասխանատվության հարցում: Արձանագրել է Ռուսաստանի կողմից քաղաքացիական անձանց ազատության եւ անվտանգության խախտումներն ու պատերազմի ընթացքում Վրաստանի քաղաքացիների սպանությունների վերաբերյալ հետաքննություն չսկսելու Ռուսաստանի պատասխանատվությունը:
Վրացիների համար հաղթական համարվող որոշումը, սակայն, այլ կերպ է մեկնաբանվում Ռուսաստանում։ «Ալիք Մեդիան» առաջիկայում մանրամասնորեն կանդրադառնա «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործին՝ ներկայացնելով կողմերի տեսակետները։
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։