Ես չեմ կասկածում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Այդ հարաբերությունները հնարավոր էր կարգավորել դեռ 1997-ին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հավանություն տվեցին ղարաբաղյան հակամարտությունը լուծելու փուլային տարբերակին, իսկ Ղարաբաղն այն մերժեց։
Այն ժամանակ էլ կարելի էր խոսել Մեղրիով գնացքների երթեւեկման մասին (Ռոբերտ Քոչարյանը դեռ գծերը չէր հավաքել), կարելի էր պայմանավորվել սահմանազատման մասին։ Շատ բաների մասին կարելի էր խոսել։ Բայց մեր պայմաններով։ Որովհետեւ հաղթող էինք։ Առաջին տարիներին Ադրբեջանը կդիմադրեր որոշակի քայլերի, ներսում շատերը կփորձեին հայրենասեր երեւալ, ի վերջո պարտված էին, եւ դա իրենն է թելադրում։
Մենք այս օրը, երբ Ադրբեջանն է (ընդ որում՝ Ռուսաստանի հետ) թելադրում բոլոր քայլերը, «վաստակել» ենք այն ժամանակ, երբ «լռվեցինք», մնացինք «ազատագրված տարածքների» հավիտենական սեփականության ազգայնական գաղափարի վրա։ Բան չունեմ ասելու, եթե հնարավոր էր պահել, պետք էր ամեն ինչ անել էդ ուղղությամբ։
Բայց հենց հակառակն անելով մենք չդադարեցրինք այդ տարածքների մերը լինելը վայելելը։ Այդ տարածքները խաղալիք էին, որոնցով խաղացինք, մինչեւ տերը եկավ ասաց, որ դրանք ձերը չեն։ Ավելին՝ դրանք ընդհանրապես խաղալիք չեն։ Փոքր ժողովրդի առաջնորդները պետք է դադարեն փոքր ժողովրդի բարդույթով երկիր ղեկավարելուց։ Ավելին՝ նրանք պիտի ընդհանրապես քաղաքական իրատեսության հետ չխառնեն այդ օրվա իրենց մեծությունն ու առավելությունը։
Մենք չկարողացանք։
Այսօր Ադրբեջանը մեզ ասում է բաներ, որոնք չէր ասի ոչ միայն 1997-ին, այլեւ 2000-ին, 2010-ին կամ 2020-ին, եթե 1997-ին մենք կարողանայինք «զոհաբերել» այն, ինչը մերը չէր։ Իսկ հիմա ի՞նչ է կատարվում։ Ադրբեջանը խիստ լեգիտիմ իրավունքով (հաղթողը միշտ լեգիտիմ է) պահանջում է հայկական զորքերի դուրսբերում Ղարաբաղից։ Տղա՞ եք, դիմադրե՛ք, մի՛ հանեք։ Դա Պուտինի խոսուն հայացքի ներքո է ասում Ալիեւը։ Իսկ ովքե՞ր են հիմա Ղարաբաղում դրության տեր՝ ռուսները։ Գուցե այն ժամանակ էլ ռուսները լինեին, բայց խաղադրույքներն էին ուրիշ։
Եթե ի վերջո այս օրն անխուսափելի էր, ու Վլադիմիր Վլադիմիրովիչը երկար է պատրաստվել այս օրվան Հեյդար եւ Իլհամ Ալիեւների հետ միասին, պետք է ընդամենը ի գիտություն ընդունել, որ հաղթանակը պետք է հեռու պահել հաղթողներից, այն պետք է թողնել քաղաքական գործիչներին։
Մենք քաղաքական գործիչներին փոխեցինք վոիններով, որոնք Աստված գիտի, թե Տիեզերքի որ անկյունից վստահեցնում են, թե Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Իսկ ո՞վ էր Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին խոսում։ Ձեզ ասում էին՝ տվեք ազատագրված տարածքները ու հանգիստ քնեք։ Թե՞ հիմա Ղարաբաղի անունից Հայաստանում ապրելով իսկապես էլ հանգիստ եք քնում։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: