Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի քաղաքացիներին հասցեագրված ուղերձում կոչ է արել խուճապի չմատնվել: Նա հայտնել է, որ հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, եւ Վաշինգտոնն արդեն պատրաստվում է միջազգային օգնություն ցուցաբերելու: Զելենսկին նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցվում:
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, իր հերթին անդրադառնալով սրընթաց զարգացող դեպքերին, հորդորել է զենք մատակարարել Կիեւին: «Որոշվում է Եվրոպայի եւ աշխարհի ապագան։ Կոչ եմ անում Ուկրաինային ֆինանսական եւ հումանիտար օգնություն տրամադրել»,– նշել է նա թվիթերյան գրառման մեջ։
Կուլեբան հավելել է, որ անհրաժեշտ է անհապաղ ավերիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, զրկել SWIFT-ից` Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցությունից։ Կուլեբան հայտարարել է նաեւ բոլոր ձեւաչափերում Ռուսաստանի լիակատար մեկուսացման անհրաժեշտության մասին:
Մեկ այլ գրառմամբ էլ Ուկրաինայի արտգործնախարարը հայտնել է, որ աշխարհը ի վիճակի է եւ պետք է կանգնեցնի Պուտինին։