Հայաստանի իշխանություններն այնուամենայնիվ արձագանքեցին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրմանը: Արձագանքեցին ՀՀ ԱԳՆ խոսնակի միջոցով՝ լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան:
Արձագանքի ողջ իմաստն էլ այն էր, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ եւս հաստատված է միջպետական դաշնակցային համագործակցություն, այն հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է, այդ մասին են վկայում կնքված փաստաթղթերն ու պատմությունը, եւ ընդհանրապես, կողմերը հետեւողական քայլեր են անում հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ:
Եվ միայն երրորդ պարբերության մեջ է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը խոսել բուն հռչակագրից եւ հույս հայտնել, որ ռուս-ադրբեջանական փաստաթուղթը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացումը, «ինչը կարող է նպաստել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տեւական եւ համապարփակ կարգավորմանը»:
Կարճ ասած՝ հերթապահ նախադասությունների շարան, եւ ոչինչ ավելի: Թեեւ, եթե անկեղծ, պաշտոնական Երեւանի նման վախվորած արձագանքը միանգամայն բնական էր՝ համահունչ այն տեղին ու դերին, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ունի Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ եռակողմ հարաբերություններում:
44-օրյա պատերազմում պարտությունից հետո Հայաստանը ստիպված է գնալ հարկադրված զիջումների: Իսկ հարկադրված զիջումը, ինչպես ասվել է մի առիթով, նշանակում է կապիտուլյացիա, որի ժամանակ «դու ոչինչ չես զիջում կամ եթե զիջում էլ ես, դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու-հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին»:
Հիմա Հայաստանն այդ վիճակում է. ընդունում է իրեն պարտադրված լուծումները: Դրա համար էլ ռուս-ադրբեջանական հռչակագրի մասին խոսելիս պաշտոնական Երեւանը վերացական հույս է հայտնել եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման վերաբերյալ: 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն, ինչպես գիտենք, վերաբերում էր ռազմագերիների վերադարձին, իսկ Ադրբեջանը դեռ ամբողջությամբ չի կատարել իր այդ պարտավորությունը, անգամ պաշտոնապես ընդունում է՝ Բաքվում դեռ 38 հայ է պահվում:
Մինչդեռ եռակողմ հայտարարության դրույթների իրագործման մասին խոսելիս տրամաբանական կլիներ, եթե Հայաստանի իշխանությունները հստակ շեշտադրումներ անեին գերիների խնդրի վրա: Առավել եւս, երբ նույն Հայաստանը թեկուզ եւ ստիպված, բայց այսօր հստակ մասնակցում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Ի դեպ, մինչ այդ նկատենք՝ այդպես էլ անարձագանք մնացին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն այն մասին, որ ակնկալում են՝ Հայաստանը կկատարի նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ դուրս կհանի զորքերը Լեռնային Ղարաբաղից: Ո՞ր զորքերը դուրս հանելու պարտավորության մասին է խոսքը, արդյո՞ք սա պաշտպանական բանակը լուծարելուն է վերաբերում, թե՞ ոչ։ Այդ կապակցությամբ արդեն կա՞ն հստակ պայմանավորվածություններ, որից հայ հանրությունը տեղյակ չէ:
Այս հարցերը դեռ բաց են մնում, եւ իմիջիայլոց, Ալիեւի այս հայտարարություններին չեն արձագանքել նաեւ Արցախի իշխանությունները:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: