CNN Türk հեռուստաընկերությունն ուղիղ եթերով կապ է հաստատում Ուկրաինայում գտնվող թուրք քաղաքացիների հետ՝ վերջին զարգացումներն ականատեսների կողմից իմանալու նպատակով, հայտնում է Hürriyet օրաթերթը։
Փետրվարի 24-ին Թուրքիայի ժամանակով 13։15-ի (Երեւանի ժամանակով՝ 14:15) սահմաններում Կիեւում նոր ուժգին պայթյուն է եղել։ Սրա մասին հայտնել է Կիեւում գտնվող թուրք գործարար Էգեմեն Ջոշքունը. նա պայթյունի կենտրոնին մոտ է եղել ու ուժգնությունից hետ է շպրտվել։
Նա նաեւ հայտնել է, որ իրավիճակը խիստ տագնապային է, ու գուցե դա իր վերջին ուղիղ միացումը լինի․ «Մարդիկ խանութներում իրենց վերջին գնումներն են անում ու լքում են քաղաքը։ Առավոտյան ժամը 5-ից խանութներն արդեն լի էին մարդկանցով։ Այս պահին մթերային խանութներն արդեն ամբողջությամբ դատարկված են, գնելու բան չի մնացել։ Բանկոմատների մոտ հերթեր են գոյացել»։
Ջոշքունը նշել է, որ ինքն ու իր ընկերները Կիեւի կենտրոնում են, ու իրենց կատարած գնումները հազիվ 2-3 օր բավականացնեն: Բացի այդ՝ հավելել է, որ փողոցներն էլ ամբողջովին խցանված են քաղաքը լքող մեքենաների մեծ հոսքի պատճառով։