Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորաբաժանումների բոլոր հրամանատարներին հատուկ հանձնարարականներ է տվել հարգանքով վերաբերվել ուկրաինացի զինծառայողներին։
Նախարարը հորդորել է հարգանքով վերաբերվել Ուկրաինայի ԶՈՒ զինծառայողներին, որոնք, ըստ Շոյգուի, ի տարբերություն ազգայնականների, երդում են տվել ուկրաինացի ժողովրդին եւ հրաման են կատարում:
Շոյգուի հատուկ հրամանով պետք է ստեղծվեն անվտանգ միջանցքներ, որպեսզի զենքը վայր դրած ուկրաինացի զինծառայողներն անվտանգ դուրս գան գործողության շրջաններից եւ վերադառնան իրենց ընտանիքներ։
Զինված դիմադրությունից հրաժարվելու մասին ստորագրություն տվողները ազատ կարձակվեն
Ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության՝ մարտական գործողությունների ընթացքում հանձնվել է ուկրաինական զինուժի 14 զինծառայող: Նրանք, ովքեր զինված դիմադրությունից հրաժարվելու մասին ստորագրություն կտան, ազատ կարձակվեն եւ կվերադառնան տուն։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է նաեւ, որ ռուսական զինված ուժերի հարվածների հետեւանքով շարքից հանվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 վերգետնյա օբյեկտ, ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, Ուկրաինայի ռազմածովային ուժերի տեղակայման կետը, ինչպես նաեւ Ս-300 եւ «Բուկ-Մ1» զենիթահրթիռային ՀՕՊ համալիրների 18 ռադիոտեղորոշիչ կայաններ:
Բացի այդ՝ հատուկ գործողության ընթացքում խոցվել է ուկրաինական զինուժի մարտական ուղղաթիռ եւ չորս «Բայրաքթար ՏԲ-2» անօդաչու թռչող սարք, ինչի մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի վաղ առավոտյան հայտարարել է, որ որոշում է ընդունել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ Դոնբասի Ժողովրդական Հանրապետությունը դիմել է Ռուսաստանին օգնության խնդրանքով։ Ըստ նրա՝ հանգամանքները պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ:
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ արյունահեղության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ուկրաինայում իշխող ռեժիմի վրա: Պուտինը ուկրաինացի զինվորականներին հորդորել է չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը եւ գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ ՌԴ զինված ուժերը հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները եւ ավիացիան: Նախարարությունում վստահեցրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։