ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ, Լեռնային Ղարաբաղում (Արցախում) վերջին հակամարտությունից հետո, Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի ԱՄՆ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին: Դրա մասին նա նշել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հարցերին պատասխանելիս:
Բլինքենը խոր մտահոգություն է հայտնել 44-օրյա պատերազմի, ԼՂ-ում եւ նրա հարակից տարածքներում դրա հետեւանքով առաջացած մարդկային ճգնաժամի վերաբերյալ:
«Ես աջակցում եմ Հայաստանի անվտանգության, կայունության եւ ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը, տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնության տրամադրմանը»,- նշել է նա:
Բլինքենը շեշտել է, որ պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում կաշխուժացնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը հակամարտության մշտական կարգավորման հարցում՝ ամրապնդելով ԼՂ-ի անվտանգությունը եւ կանխելով նոր պատերազմի բռնկումը: