Շատ տարիներ Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին ինչ-որ տեղ կանգնում, մի կտոր հաց ուտելու էինք նստում: Հիմա բավարարվում ենք սուրճի ընդմիջումով: Սիրտ չկա: Սպանիչ է, մանավանդ, Բերձորի ամայությունը:
Շատ տարիներ ուղեւորությունը մի իրականությունից մյուսի անցում չէր, այլ՝ նույն միջավայրում անհրաժեշտությամբ թելադրված տեղափոխություն:
Նոյեմբերի 9-ից հետո ոչ միայն Երեւանը, Գորիսն էլ արդեն բոլորովին ուրիշ քաղաք է, որտեղ, երբ մեքենան մտնում է լցակայան, քեզ նայում են վատ թաքցվող տարակուսանքով: Իբր՝ էդ ու՞ր ես գնում: Տուն ենք գնում: Ստեփանակերտ եւ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը դեռ կա: Ձորում երեւում են Արիավանի կարմիր կտուրները:
Շատ տարիներ այստեղ Արցախի ոստիկանության անցակետ կար, կողքին՝ խանութ-սրահ: Աղավնոյի նախկին համայնքապետ Մարտիրոսն էր բացել: 2016-ի ամռանը, երբ տեսա նրան ՊՊԾ գունդը գրավածների հետ՝ մորուքով, ավտոմատը խրոխտ վեր պարզած, ապշեցի: Ի՞նչ գործ ունի նա ահաբեկիչների հետ: Իր համար հանգիստ ապրում էր: Ճիշտ է, մի քիչ բողոքավոր էր, ոստիկանության, հարկային մարմինների հետ միշտ խնդիր էր ունենում, բայց որ այդ տարիքում կմիանար ինչ-որ «հեղափոխականների»՝ չէի պատկերացնի:
Նույն անցակետը կա, բայց այնտեղ արդեն ռուս խաղաղապահներն են: Հայերեն մի քանի բառ սովորել են: «Բարեւ, ինչպե՞ս եք»: Ասում են՝ «բարի ճանապարհ»: Ջահել տղաներ են: Լայն ժպտում են: Երեւի նախապատրաստական փուլ են անցել: Կամ, ով գիտի, մարդկային պարզ ցանկություն է՝ բարի մաղթել: Մանավանդ որ երեխաներով ենք:
Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտում դեռ հրթիռներ չէին պայթում: Մենք նրանց ասել էինք, որ մայրիկի հետ մի քանի օրով Երեւան են գնում: Հորքուրի մոտ կմնան, մի քիչ Երեւան կտեսնեն ու ետ կգան: Պատերազմը քառասունչորս օր ձգվեց, վերադարձը՝ մինչեւ նոր տարի: Հետո՝ էլի մի քանի օր: Եւ ռուս խաղաղապահ զինվորի ժպիտը նրանք չեն կարողանում փոխադարձել: Որովհետեւ անցած տարիների ճանապարհը հիշում եւ ոչ մի նմանություն չեն տեսնում:
Անգամ մեքենաների ընթացքն է մի տեսակ անսովոր: Չեն կանգնում: Միմյանց ողջունում են շատ զուսպ՝ Երեւան-Ստեփանակերտ եւ հակառակ ուղղության տաքսու վարորդները, որ շատ տարիներ այդ ճանապարհին մի բաժակ սուրճ խմելու եւ գործի լավուվատից, հաջորդ ուղերթներից խոսելու էին հավաքվում: Հիմա՝ ոչ: Ամեն մեկն իր հոգսի, պատերազմի հիշողությունների հետ է: Եւ՝ վաղվա սպասումների, որ հիմնականում կապում են ռուս խաղաղապահների վարքի հետ:
Եթե ժպտում են, ուրեմն կարելի է հընթացս մի բան հարցնել: Վարորդները հետաքրքրասեր են: Իրականությանը զուգահեռ՝ նրանք միայն իրենց հայտնի աղբյուրներից տեղեկություններ ունեն, որ հաճախ ավելի հավանական է, քան՝ ինչ որ հեռուստացույցն է ասում կամ՝ կայքերը:
Նախորդ վերադարձին Լիսագորի անցակետում խաղաղապահների հետ Արցախի ոստիկանության կարգախումբ կար: Հիմա՝ ոչ: Ինչու՞: Արցախում այլեւս նման հարցեր չեն տալիս: Եթե չկան, ուրեմն այդպես է պետք: Եւ ճանապարհի վրա՝ ինչքան մոտենում ես Շուշիին, արգելափակոցներն ավելացանում են: Խաղաղապահներն իրենց ապահովությա՞ն համար են երթեւեկելի մի գոտին փակում՝ թողնում մեկ մեքենայի տեղ, թե՞ որպեսզի հայ եւ ադրբեջանցի վարորդները հանկարծ իրար չհանդիպեն: Ո՞վ գիտի: Դրության տերն իրենք են: Ինչպես որոշեն, այնպես էլ կլինի:
Իսկ թե խաղաղապահների վերջին անցակետից հետո Արցախի ոստիկանության կարգախումբն ի՞նչ խնդիր է լուծում՝ մնում է զարմանաս, երբ մոտենում, հարցնում է՝ քանի՞ հոգով եք:
Ստեփանակերտն այսօր սկսվում է Մազի կամրջից: Կամ՝ ավարտվում, եթե ճամփորդում ես հակառակ՝ դեպի Երեւան: Նույն քաղաքն է: Արտաքուստ քիչ բան է փոխվել: Համարյա՝ ոչինչ: Հրթիռակոծության հետքերը մաքրել են: Խանութների ցուցափեղկերը՝ թարմացրել: Մեքենաների խիտ շարժ կա, երբեմն՝ նաեւ խցանումներ: Բայց քաղաքում հարաբերական անորոշություն է:
Նպարավաճառի կրպակում «Ջերմուկ» չկա: «Չենք ստացել»,- ասում եւ հայացքը փախցնում: Երեւի չեն բերում: Կամ քիչ են բերում՝ միայն սուպերմարկետների համար: Չգիտեմ:
Նպարավաճառը մեր թաղում երկու տարի առաջ է տարածք վարձակալել: Գյուղից է: Էկզոտիկ ցիտրուսայինների կողքին տանու պանիր, թթու, խոզաճարպ է դնում, խաղողի տնաքաշ օղի ու «Խնդողնի»՝ մարտունեցիների հպարտություն գինին:
Վերադարձը նշում ենք: Գինի, պանիր, աղ արած-փափկեցրած բողկ: Ես եւ Գեւորգը, որ ինձ դիմելու բոլոր ձեւերից ամենատաքն է ընտրել, ասում է՝ մեծ ախպեր: Թեեւ իր հոր տարիքին եմ: Իրենց գյուղը կա՝ Մարտունու Սոսը: Կողքին՝ Մաճկալաշենը, հետո՝ Ամարասի վանքը: Եւ՝ սահման: Քիչ այն կողմ այլեւս թուրքական Ղաջարն է, Ֆիզուլին, մի փոքր հյուսիս՝ Կարմիր շուկան, որտեղից թշնամական շարասյունները գալիս՝ խաղաղապահների ուղեկցությամբ Սարուշենն անցնում, Շոշն անցնում՝ բարձրանում են Շուշի: Այդ երթուղո՞վ է Իլհամ Ալիեւը մտել Շուշի: Երեւի: Շուշիի անցակետում ռուս խաղաղապահներ են եւ թշնամու զինվորականներ:
«Խնդողնի» գինին մի քիչ քաղցրավուն է, պանիրն՝ անալի: Հաց չենք կտրել: Չորրորդ բաժակին ասում եմ. «Գեւորգ, գյուղի տնտեսությունը կա՞, մնո՞ւմ է»: Ասում է. «Մի մասը»: Անասունը մորթել են: Մի-երկու կով պահում են: -Խաղողայգի՞ն: «Մեր խմելու գինին կունենանք». Գեւորգը հավաքում է սեղանը: Երկու լիտր գինի եմ վերցնում: Ինչ էլ լինի՝ վերադարձը նշվելու արժանի է: Թեեւ Ստեփանակերտում հարաբերական անորոշություն է: Եւ վեցերորդ տարին է՝ աշխատանք չունեմ: Ոչինչ, երկիրը կանգուն լինի…
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։