Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է «Բուխարեստի իննյակին» եւ ռազմական օգնություն խնդրել՝ միաժամանակ կոչ անելով ճնշում գործադրել Ռուսաստանի դեմ։
Զելենսկին փետրվարի 25-ի առավոտյան իր տեսաուղերձում նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է հակապատերազմական դաշինք ստեղծել։ Միեւնույն ժամանակ նա համարում է, որ միայն ուկրաինացիների վճռականությունն է ի վիճակի պահպանելու Ուկրաինայի ազատությունը եւ պաշտպանելու պետությունը։
Ուկրաինայի ղեկավարը երկրի քաղաքացիներին հորդորել է առավելագույն զսպվածություն եւ փոխադարձ աջակցություն ցուցաբերել։
Միաժամանակ Զելենսկին ենթադրում է, որ Ռուսաստանը վաղ թե ուշ Ուկրաինայի հետ պետք է խոսի ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ հավելելով, որ Մոսկվան լավ կանի՝ շտապի։
«Բուխարեստի իննյակը» ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի երկրների միջեւ ռազմական համագործակցությունը խորացնելու համար ստեղծված Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 9 երկրների ասոցիացիա է: «Բուխարեստի իննյակի» կազմում ընդգրկված են Բուլղարիան, Հունգարիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան եւ Չեխիան: