Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակով բանակցություններ վարել։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Ցանկանում եմ եւս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ուկրաինայի ամբողջ տարածքում մարտեր են ընթանում, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի կանգնեցնենք մարդկանց մահերը»,- ասել էր Զելենսկին։
Ռուսաստանի հետ չեզոք կարգավիճակի շուրջ բանակցություններ վարելու՝ Ուկրաինայի պատրաստակամության մասին էլ ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը, որը հավելել էր, թե Կիեւին դրա համար անվտանգության երաշխիքներ են պետք։