Ըստ ամերիկյան SkyNews-ի՝ ՄԱԿ-ը հայտնել է, որ Ուկրաինայում ռուսական ներխուժման հետեւանքով զոհվել է առնվազն 25 խաղաղ բնակիչ, 102-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Փետրվարի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր առավոտյան տեսաուղերձում հայտնել էր, որ ներխուժման առաջին օրը զոհվել է 137 ուկրաինացի զինծառայող, այդ թվում՝ 10 սպա, եւս 316-ը ստացել է մարմնական վնասվածքներ:
ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամից էլ հայտնել են, որ Ուկրաինայից հարեւան երկրներ փախստականների թիվը կարող է հասնել առնվազն 5 միլիոնի։ Կազմակերպությունն արդեն իսկ բազմաթիվ հարցապնդումներ է ստանում երեխաների բժշկական եւ հոգեբանական օգնության վերաբերյալ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ում նաեւ հայտարարել են, որ ուկրաինական փախստականներին օժանդակություն ցուցաբերելու համար լրացուցիչ աշխատակիցներ են ուղարկել Մոլդովա, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա եւ Սլովենիա։
Գերմանիան եւս պատրաստ է
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբշտրայտը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է ինչպես Ուկրաինայից փախստականներ ընդունելուն, այնպես էլ հարեւան երկրներին աջակցություն ցույց տալուն:
ԱԳՆ ղեկավար Անալենա Բերբոքը ավելի վաղ հայտնել է փախստականների հնարավոր ընդունմանը պատրաստակամության մասին։
Բեռլինն, ըստ Գերմանիայի կառավարության ներկայացուցչի, հարեւան պետություններին լուրջ աջակցություն է առաջարկել, երբ դրա անհրաժեշտությունը ծագի։