Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին թվիթերյան գրառման մեջ հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց է սկսել: Գործընթացը մեկնարկել է Ուկրաինայի եւ Լեհաստանի նախաձեռնությամբ:
Եվրոպայի Խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը սառեցնելու գործընթացի մեկնարկը տարածվում է ԵԽԽՎ-ում, արտգործնախարարների կոմիտեում եւ ՄԻԵԴ-ում ՌԴ աշխատանքի վրա։
Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն նույն օրը հայտնել է, որ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն որոշել է Ռուսաստանի Դաշնությանը բացառել կազմակերպությունից։
Ավելի ուշ տարածված Նախարարների կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ դադարեցվում են ՌԴ իրավունքները Նախարարների կոմիտեում եւ ԵԽԽՎ-ում, սակայն Ռուսաստանը շարունակում է համարվել դրա անդամներից եւ կոնվենցիաների կողմերից մեկը:
Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ Մոսկվայի իրավունքների կասեցումը ժամանակավոր միջոց է, եւ նրա հետ կապի խողովակները պահպանվում են: