Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հայտնել է, որ կիրակի առավոտյան Լոս Անջելեսի Cedar Sinai հիվանդանոցում 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի լրագրող լեգենդար Լարի Քինգը:
Մահվան պատճառը դեռ ճշտվում է: Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները գրել էին, որ նա վարակվել է կորոնավիրուսով, դրանից բացի առողջական այլ խնդրներ է ունեցել:
Լարի Քինգի՝ ավելի քան 25 տարի հեռարձակվող հեռուստաշոուն գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում. լրագրողին հարցազրույց է տվել ավելի քան 50 հազար մարդ:
Հեռուստաշոուների հյուրերի թվում են եղել ԱՄՆ բոլոր նախագահները՝ սկսած Ռիչարդ Նիքսոնից, ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Գորբաչովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, լեգենդար երաժիշտներ Փոլ ՄըքՔարթնին, Ֆրենք Սինատրան եւ նշանավոր այլ դեմքեր:
Հեռուստահաղորդավարի այցեքարտը նրա տաբատակալն ու ակնոցն էին:
2010-ին Քինգը հայտարարել էր հեռուստատեսությունից հեռանալու որոշման մասին, սակայն 2013-ին RT America հեռուստաալիքում սկսել էր վարել «Լարի Քինգը՝ հիմա» հեռուստաշոուն: