Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցման գործընթացը:
Ըստ թուրքական «Anadolu» գործակալության՝ Բրյուսելում Եվրամիության եւ Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանց հետ մի շարք դռնփակ բանակցություններ վարելուց հետո արտգործնախարարը սոցիալական ցանցերում գրառում է արել, որում մասնավորապես խոսել է Մաքսային միության արդիականացման եւ վիզային ռեժիմի ազատականացման անհրաժեշտության մասին:
Չավուշօղլուն հայտարարել է նաեւ, որ Թուրքիան շահագրգռված է անօրինական միգրացիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի խստացմամբ:
«Մենք պիտի համապարփակ պայքար մղենք Եվրոպայում աճող ռասիզմի, խտրականության եւ իսլամատյացության դրսեւորումների դեմ»,-ընդգծել է Չավուշօղլուն, հավելելով, որ Թուրքիան ձգտում է նոր էջ բացել ԵՄ-ի հետ հարաբերություններում:
Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ երկխոսությունն անշուշտ անհրաժեշտ է, բայց միեւնույն ժամանակ «ԵՄ-ն անդամակցելու հավակնություն ունեցող երկրներում ակնկալում է վստահության արժանի քայլեր»։