Վերջին շրջանում ողջ աշխարհի քննարկման առանցքային թեման, ակնհայտորեն, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շուրջը զարգացող իրադարձություններն էին։ Բոլորը, կարծես, ակնկալում էին պատերազմի սկիզբը, բայց միեւնույն ժամանակ, դեպքերի նման զարգացման չէին սպասում։
Իսկ ի՞նչ քաղաքականություն էին վարում հակամարտության, այսպես կոչված, չերեւացող կամ ոչ անմիջական կողմերը։ Թուրքիայի դեպքում դժվար է ասել՝ չերեւացող կողմ, որովհետեւ վերջին ամիսներին ամեն կերպ փորձում էր կոնֆլիկտի կենտրոնական դերակատարներից մեկը լինել։
Փորձենք գալ սկզբից․ հունվարին պաշտոնական Անկարան հայտարարում է, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնելու՝ Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամն առանց ուժի կիրառման լուծելու համար, հրավիրում երկու երկրների նախագահներին Թուրքիա՝ բանակցություններ սկսելու համար։ Միաժամանակ, Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիան անվերապահորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ամեն կերպ աջակցելու է իր ռազմավարական դաշնակցին։
Փետրվարի սկզբին նախագահ Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է Ուկրաինա, հանդիպում Զելենսկիին, քննարկվում է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման գործընթացը, ստորագրվում են ռազմական ու տնտեսական համագործակության բազմաթիվ համաձայնագրեր։ Հայտարարվում է այսուհետ Ուկրաինայում թուրքական Բայրաքթար անօդաչուների արտադրության մասին։ Այստեղ եւս Էրդողանը չի մոռանում հիշեցնել՝ Թուրքիան պատրաստ է միջնորդի իր դերը ստանձնելու՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու հարցում։
Անդադար հնչող սթափության, խաղաղ ճանապարհով լուծման ու միջազգային իրավունքների նորմերին հավատարիմ մնալու կոչեր։ Անդադար սպասում Պուտինի՝ Թուրքիա կատարվելիք այցին, որն այդպես էլ չկայացավ ո՛չ փետրվարի սկզբին, ո՛չ կեսին, ո՛չ էլ, առավել եւս, վերջին։
Փետրվարի երկրորդ կեսին լրագրողների հետ զրույցներում Էրդողանը սկսեց խոսել նաեւ իր վաղեմի դաշնակից Ռուսաստանի հետ կապերի կարեւորության մասին՝ շեշտելով, որ երկու երկրների հետ հարաբերություններից էլ Թուրքիան չի կարող հրաժարվել։ Կոչ արեց բանակցություններն իրականացնելու Մինսկի համաձայնագրերի շրջանակում։ Բայց նորից հիշեցրեց, որ Թուրքիան սատարում է եւ ամեն ինչ անելու է, որպեսզի Ուկրաինան կարողանա պահպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ի՞նչ տեղի ունեցավ Թուրքիայում փետրվարի 24-ին Ռուսաստանի՝ «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո։ Նախագահ Էրդողանն «անընդունելի» որակեց Ռուսաստանի գործողությունները, կոչեր արեց դադարեցնելու ուժի կիրառումը։
Դե իսկ Ուկրաինան, իր մտերիմ ռազմավարական դաշնակցից ամեն հարցում աջակցություն ակնկալելով, պահանջեց փակել նեղուցները ռուսական ռազմանավերի համար, ինչին ի պատասխան Թուրքիան հայտարարեց, որ նման քայլի դիմել չի կարող։
Մինչ Զելենսկին իր թվիթերյան գրառումներից մեկում կրկին նշում ու շնորհակալություն է հայտնում նախագահ Էրդողանին նեղուցները փակելու համար, թուրքական մամուլը զարմացած փորձում է հասկանալ՝ ի՞նչ նկատի ուներ Ուկրաինայի նախագահը․ չէ՞ որ մեկ օր առաջ պաշտոնապես հայտարարվել էր, որ նեղուցները չեն փակվի։
Թուրքիան փետրվարի 26-27-ին նույնպես հայտնել էր իր պատրաստակամությունը Թուրքիայում բանակցությունների հարթակ ստեղծելու մասին։
Ու չնայած այս ամենին՝ ուկրաինական լրատվամիջոցները շարունակում են նշել, որ փետրվարի 28-ին՝ Թուրքիայի ժամանակով 15:00-ին կայանալիք նախագահի աշխատակազմի արտահերթ ժողովի ընթացքում նեղուցների փակման հարցը նույնպես քննարկվելու է։ Իսկ թուրքական մամուլում հանդիպման օրակարգում նման կետ տարօրինակորեն չկա։
Ուրեմն, ի՞նչ քաղաքականություն է փորձում վարել Թուրքիան՝ բալանսավորո՞ղ, չեզո՞ք։ Դեռ պարզ չէ։