Բելառուսի եւ Ուկրաինայի սահմանամերձ Պրիպյատի շրջանում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները։
Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ բանակցությունների նպատակն անհապաղ հրադադարի հաստատումն ու ռուսական զորքերի՝ Ուկրաինայի տարածքից դուրսբերումն է։
Ուկրաինայի պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը եւ Միխայիլ Պոդոլյակը։
Ռուսաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարարության, պաշտպանության նախարարության եւ այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Մակեյը Ալեքսանդր Լուկաշենկոյի անունից ողջունել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակություններին։
«Դուք կարող եք ձեզ լիովին ապահով զգալ։ Դա մեր սրբազան պարտքն է»,- հավատացրել է Մակեյը։
Բանակցությունների սկիզբը առցանց հեռարձակվում էր, սակայն ավելի ուշ ռուսական կողմի պահանջով հեռարձակումը դադարեցվել է։