ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակում Ժնեւում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։
Նախարար Միրզոյանը նշել է, որ որպես բռնի տեղահանումներից անմիջականորեն տուժած երկիր՝ Հայաստանը մշտապես աջակցել է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ջանքերին՝ ուղղված բռնի տեղահանումներից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը:
Կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետեւանքով իրենց բնակավայրերից բռնի տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման եւ անվտանգության ու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։
Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարեւորել է Արցախում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացումը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը եւ արհեստական խոչընդոտների ստեղծումը։