ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը թվիթերյան գրառման մեջ հայտարարել է դաշինքի կողմից Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու ջանքերի ավելացման մասին եւ շնորհակալություն հայտնել ժողովրդի եւ զինված ուժերի քաջության համար։
Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ի երկրներն ուժեղացնում են Ուկրաինային աջակցությունը հակաօդային պաշտպանության հրթիռներով, հակատանկային զենքերով, ինչպես նաեւ մարդասիրական ու ֆինանսական օգնությամբ։
Ստոլտենբերգը նշել է, որ Լիտվայի նախագահի հետ զրույցում քննարկել է Ռուսաստանի՝ Ուկրաինա անխոհեմ ներխուժման հետեւանքների հարցը: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն արդեն ուժեղացրել է պաշտպանական ներկայությունը Բալթյան տարածաշրջանում եւ պատրաստ է անելու ավելին։
«Մենք կպաշտպանենք յուրաքանչյուր դաշնակցի եւ դաշնակցային տարածքի ամեն մի թիզը»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: