Ռուսաստանը, անշուշտ, մեծագույն ներդրումն ունի աշխարհում հակամարտությունների հրահրման եւ տարածման գործում։ Ձեւակերպումն այս կշտամբանք չէ եւ ոչ էլ հակառուսական հիստերիայի դրսեւորում։ Պարզապես այլ կերպ լինել չի կարող, քանի որ կայսերական նկրտումները, որպես կանոն, անխուսափելիորեն պետք է հանգեցնեն կոնֆլիկտի։ Այլընտրանքը նահանջն է եւ հրաժարումը կայսերական շահերից ու հետաքրքրություններից, ինչն արդեն անհնար է թվում։
Առանց վիրահատական միջամտության կայսրությունները երբեք կամովին չեն հրաժարվում կայսերականությունից։
Ռուսական ակտիվ եւ սրընթաց առաջխաղացումը զուգորդվում է աշխարհում նրա կերպարի նույնքան սրընթաց ձեւավորման հետ։ 1990-ականներին այն ընկալվում էր որպես մարած հրաբուխ, 2000-ականներին տիրապետող էր այն մտայնությունը, թե երբեմնի համամոլորակային տերությունը միայն ատամ է ցույց տալիս եւ ավելիին ընդունակ էլ չէ։ 2010-ականներին այն դարձավ օկուպանտ եւ սպառնալիք, իսկ հիմա՝ 2022-ին, Ռուսաստանը չափազանց մոտ է «բացարձակ չարիք» «տիտղոսին»։
Առաջին հայացքից ձեւակերպումների այս էվոլյուցիան BBC-ի եւ New York Times-ի կողմից դակված պարզունակ քարոզչական հնարք է հիշեցնում կամ էլ տեղեկատվական պատերազմի ինչ-որ մի բաղադրիչ, բայց իրերի էության մեջ խորանալու պարագայում գալիս ենք այն եզրակացության, որ Ռուսաստանի դիվականացումը շատ ավելի վտանգավոր նշանակություն կարող է ունենալ։
Տպավորությունն այնպիսին է, թե միջազգային մամուլը եւ գաղափարական ինտելեկտուալները փորձ են անում աշխարհում ստեղծելու բացարձակ չարի մի նոր կերպար, որին պետք է վերագրվեն աշխարհակարգի պարտադրած բոլոր դժբախտություններն ու տառապանքները, ընդհուպ դրա փլուզումը։ Կամ էլ գործի է դրվում դեռեւս անտիկ ժամանակաշրջանից հայտնի քաղաքակրթություն եւ բարբարոսներ հարացույցը, ինչի վերջնանպատակը «Բարբարոսների» աշխարհի քաղաքակրթումն է, այսինքն՝ հիմնահատակ կործանումը։
Սա, իհարկե, զորեղ եւ ազդեցիկ միֆ է, որը կիրառվել է Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի պարագայում եւ կատարելության հասել Սառը պատերազմի ընթացքում։ Բոլոր դեպքերում էլ բացարձակ չարիք են պիտակվել Գերմանական կայսրությունը, Նացիստական Գերմանիան եւ Խորհրդային Միությունը։ Ամենեւին էլ չեմ փորձում արդարացնել կամ էլ սրբագրել այս երեքի՝ մարդկության դեմ գործած հանցագործությունները, պարզապես սրանց անքննելի դիվականացման կողքին անտեսվում եւ մոռացության են մատնվում Արեւմտյան տերությունների գաղութատիրական եւ իմպերիալիստական շահագրգռվածությունները, որոնք հաճախ մեծագույն ներդրումն են ունեցել պատերազմների հրահրման եւ սանձազերծման գործում։
Այսինքն՝ Հիտլերի եւ Ստալինի կերպարների միֆականացման օգնությամբ Անգլիան եւ ԱՄՆ-ը քողարկում են հասարակարգի անարդար եւ պատերազմաստեղծ բնույթը՝ պատասխանատվության ողջ մեղքը բարդելով հրեշների եւ չար ոգիների վրա։
Գրեթե նույն տեխնոլոգիան կիրառվում է նաեւ արդի Ռուսաստանի եւ նրա առաջնորդ Պուտինի նկատմամբ։ Արեւմտյան մամուլում նույնիսկ ավելի հեռուն են գնում՝ Պուտինյան ռեժիմը համեմատելով Երրորդ Ռայխի, Պուտինին՝ Հիտլերի եւ Ստալինի հետ, իսկ Ավստրիայի անշլյուսն էլ նույնացվում է Ղրիմի միացման հետ։
Առանց նախապաշարմունքների եւ զգացմունքների հարցը դիտարկելու պարագայում ակնհայտ է դառնում, որ նման համեմատությունները ո՛չ գիտական հիմք ունեն եւ ո՛չ էլ արտահայտում են աշխարհաքաղաքական զարգացումների էությունը։ Բայց, այնուամենայնիվ, եթե պատմական էքսկուրսներն այդքան կարեւոր են, ապա համեմատության թիրախ կարող է դառնալ հատկապես Արեւմուտքի քարոզչական պատերազմը, որը ոչնչով չի տարբերվում 1950-ականների հակախորհրդային վուլգար քարոզչությունից։
Մյուս ամենատարածված եւ արդեն իսկ կարծրատիպային տեսությունը վերաբերում է Խորհրդային Միության վերականգնման հեռանկարին։ Իբրեւ թե Պուտինը փորձում է վերականգնել դրա երբեմնի հզորությունն ու սահմանները։ Սա էլ է միֆ, քանի որ ԽՍՀՄ-ը որպես մոդել արժեզրկված եւ բովանդակային տեսանկյունից կազմաքանդված հիշողություն է, որի վերագործարկումը կամ էլ նույն մեթոդաբանությամբ կազմավորումն ու գոյությունը անհնար ձեռնարկ է թվում։
Ասվածից ամենեւին էլ չպետք է ենթադրել, թե դեռեւս ձեւավորման փուլում գտնվող Ռուսական տերությունը որեւէ առնչություն չունի խորհրդային եւ կայսերական ավանդույթների հետ։ Ընդհակառակը, լինելով Ռուսական կայսրության եւ Խորհրդային Միության ժառանգորդը, Ռուսաստանը փորձում է հանդես գալ այդ երկուսի հիբրիդի դիրքերից՝ կիրառելով դրանց գործիքակազմները, ավանդույթները, տեխնոլոգիաները եւ այսպես շարունակ։ Բայց ոչ թե հին համակարգերը վերարտադրելու եւ կրկնելու միտումով, այլ բոլորովին նոր պետական կազմավորում ձեւավորելու նպատակով։ Մինչ Պուտինի հակառակորդները զբաղված են Ռուսաստանի մայրամուտը կանխատեսելով, նոր Ռուսաստանը աստիճանական քայլերով սաղմնավորվում եւ մարմնական կառուցվածք է ընդունում։
Պետրոս 1-ի ժամանակներից ի վեր Ռուսաստանն իրեն շրջապատող փոքր ազգերին եւ պետություններին փորձում է համակեցության ինչ-որ տարբերակներ եւ մեխանիզմներ առաջարկել կամ էլ պարտադրել։ Մի կողմից բիրտ ուժով, իսկ մյուս կողմից էլ փափուկ ուժով եւ դաշինքի պատրանքներով, նույնիսկ տձեւ եւ անկատար կառուցվածքով համագոյակցությունը ստացվել է։
Ի տարբերություն Ռուսական կայսրության՝ ԽՍՀՄ-ի պարտադրած համակեցությունը նույնիսկ իր արյունոտ կերպարանքով շատ ավելի առաջադիմական էր, քանի որ իր բնույթով միություն էր եւ պահպանում էր ծայրագավառների ինտիտուցիոնալ կառույցներն ու համակարգերը։ Եվ սա միայն կենտրոնի բարի կամքի դրսեւորումը չէր, այլ Ռուսական կայսերականության եւ նվաճված ժողովուրդների համագոյակցության ծիրում սաղմնավորված իրականություն, ինչի հետ անհնար էր հաշվի չնստել։
Արդի Ռուսաստանը ի զորու չէ ամբողջության մեջ կիրառելու այս երկու տարբերակները, այն չի կարող այլեւս զենքի ուժով նվաճել եւ իրեն կցել Միջին Ասիան եւ առավել եւս անկարող է խորհրդայնացնել Հարավային Կովկասն ու Մերձբալթյան երկրները։ Վերջին տարրակերպի համար նախ անհրաժեշտ է Խորհրդային Ռուսաստանի առկայություն, իսկ դրա համար էլ անհրաժեշտ են նոր քաղաքացիական պատերազմ եւ բնակչության մի զգալի հատվածին Սիբիր աքսորելու եւ գնդակահարելու պատրաստակամություն։ Ռուսական կայսրության ճորտացված բնակչությանը միգուցե հեշտ էր Սիբիր աքսորելը, իսկ 21-րդ դարի մարդիկ, որոնց արյան մեջ նստած է Գորբաչովյան վերակառուցումը, Ելցինյան քաոսային ժողովրդավարությունն ու 2000-ականների տնտեսական վերելքը, այլեւս անհնար է վերադարձնել Ստալինյան իրականություն։
Ասվածից հետեւում է, որ ռուսական կապիտալը երբեւէ թույլ չի տա խորհրդային կարգերի վերարտադրություն, բացի այդ՝ 21-րդ դարը չպետք է շփոթել 20-րդ դարի հետ։ Սրանք լրիվ տարբեր իրականություններ են. փոխվել են մարդիկ, պետական եւ տնտեսական համակարգերը։ Հերթը հասավ ամենավերջին եւ ամենահիմնավոր հակափաստարկին. Ռուսաստանում այլեւս չկա կոմունիզմի նմանությամբ որեւէ այլ ունիվերսալ գաղափարախոսություն կամ էլ քաղաքական կրոն, որն աշխարհին կառաջարկվի որպես այլընտրանք՝ իր շուրջը ձգելով եւ հավաքելով Կուբայից մինչեւ Վիետնամ արժեքային տարածությունը։
Պերիֆերիալ կապիտալիզմի շահերը սպասարկող ռուսական կայսերական ազգայնականությունը երբեւէ չի կարող փոխարինել կոմունիզմի թափին։
Ռուսաստանի համաշխարհային լեգիտումությունը չեն կարող վերականգնել նաեւ մեծ պատերազմները։ Նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ հաղթանակը Սանկտ Պետերբուրգին մխրճեց եվրոպական թատրոնի մեջ, իսկ նացիզմի որջի՝ Բեռլինի գրավումը ԽՍՀՄ-ի առջեւ բացեց աշխարհի դռները։ Նույն այս գործիքակազմը կիրառվեց նաեւ Սիրիայում, որտեղ իսլամիզմի դեմ արձանագրած տպավորիչ արդյունքները փորձեցին նույնականացնել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հետ, ինչը բնականաբար անարդյունք ձեռնարկ էր, քանի որ, ինչպես վերեւում նշեցինք, աշխարհը փոխվել է։
Անցյալի անկրկնելիության վերաբերյալ այս փաստարկների համատեքստում անլուրջ են նաեւ Երկաթյա վարագույրի մասին խոսակցությունները։ Նախ առաջին հերթին հենց այն պատճառով, որ այդ վարագույր կոչվածը պետք է արժեքային հիմք ունենա։ Բայց արդի աշխարհում պետությունները այլեւս չեն կարող մեկուսի եւ ինքնաբավ գոյություն ապահովել։ Եվրոպան եւ Ռուսաստանը ինչպես արժեքային, այնպես էլ տնտեսական առումով այն աստիճան են իրար մեջ մխրճված, որ դրանց արհեստական բաժանումը կարող է կործանարար լինել ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի համար։
Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով պարտադրված պատժամիջոցները չի կարելի շփոթել 20-րդ դարի երկրորդ կեսին ընթացող Սառը պատերազմի հետ։ 21-րդ դարում տիրապետող են հիբրիդային պատերազմները, որտեղ մի կողմից արյուն է թափվում, մյուս կողմից կողմերը չեն դադարեցնում համագործակցությունը՝ դեմքի այն արտահայտությամբ, որ կարծես ոչինչ էլ չի պատահել։
Այսինքն՝ պատժամիջոցները երբեւէ չեն հատի այն գիծը, ինչի հետեւանքով Ռուսաստանը կմխրճվի ամբողջական մեկուսացման մեջ։
Ամփոփելով միտքը՝ նշենք, որ Ռուսաստանն ամենեւին էլ սպառնալիք չէ մարդկությանը եւ աշխարհին։ Նրա առաջընթացը որեւէ կերպ չի սպառնում հարեւան պետությունների գոյությանը, եթե, իհարկե, դրանց դիրքավորումը թշնամական չէ։ Նույնիսկ ուկրաինական արշավանքը ամենեւին էլ չի ենթադրում Ուկրաինա պետության վերացում։
Չփորձելով որեւէ կերպ արդարացնել ուժի կիրառումը՝ թեեւ ակնհայտ է, որ ներխուժումն այդ պատասխանն է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի առաջխացման, որը Կրեմլում դիտարկվում է որպես սպառնալիք իր ազգային անվտանգությանը, անհրաժեշտ է նկատել, որ ինչպես Արեւմուտքի՝ Ռուսաստանին վերաբերող գնահատականներն են չափազանցված, այնպես էլ Մոսկվան է ուռճացնում ՆԱՏՕ-ից եկող վտանգը։
Երկկողմանի այս ծայրահեղական եւ անհանդուրժող մոտեցումը պայմանավորված է ազդեցության գոտիների ճշգրտման անհրաժեշտությամբ։ ՆԱՏՕ-ն իր գոյության իմաստը հիմնավորելու համար պետք է ունենա թշնամական Ռուսաստան, իսկ վերջինիս նեոկայսերականությունը պարտադիր պետք է սնվի արտաքին սպառնալիքի միֆով։ Բարդ կառուցվածք չէ, գործ ունենք դիալեկտիկայի բնական եւ օրինաչափ ընթացքի հետ։
Եթե Ռուսական կայսրության, ԽՍՀՄ-ի, Երկաթյա վարագույրի վերագործարկման մասին պնդումները բացառում ենք, գալիս ենք այն եզրակացության, որ անցյալի հարուստ փորձառության եւ գործիքակազմների հիմքի վրա Ռուսաստանն իր շրջակա միջավայրին առաջարկում է համակեցության նոր տարրակերպ, որն արդի աշխարհի խաղի կանոնների տրամաբանությամբ շատ ավելի առաջադիմական եւ արդյունավետ կարող է լինել, քան Խորհրդային Միությունն էր։
Այս նոր տարրակերպը նույնիսկ եթե իր էության մեջ նվաճողական բաղադրիչներ ունի, ամբողջության մեջ հավասարակշռող է եւ ներդաշնակեցնող։ Մոսկվան այլեւս բիրտ ուժով պետություններին եւ ժողովուրդներին չի համախբելու վարագույրի իր կողմում։ Նա ընդամենը փորձում է ճշգրտել իր ազդեցության գոտիները՝ մի կողմից բացառելով հարեւանների թշնամական դիրքավորումը, մյուս կողմից երաշխավորելով դրանց գոյությունը՝ ինքնիշխանության եւ անկախության այս կամ այն չափով եւ դրսեւորմամբ։
Սա շատ ճկուն եւ ունիվերսալ մոտեցում է, որն իմ համոզմամբ կարող է առնվազն մի քանի տասնամյակների գոյության իրավունք եւ հնարավորություն ունենալ։ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, ամենայն հավանականությամբ նաեւ Ուկրաինան (կամ դրա մի մասը) եւ Վրաստանը չեն կորցնելու իրենց անկախությունը, բայց չեն էլ հեռանալու ռուսական ազդեցության գոտուց եւ հնարավորություն չեն ունենալու սպառնալու Կրեմլի շահերին։ Ավելին՝ նրանց միջեւ խորացվելու են տնտեսական, ռազմաքաղաքական եւ սոցիալական հարաբերությունները՝ իհարկե սյուզերենի եւ վասալի փոխգործակցության հիմքի վրա։
Իմ համոզմամբ սա է վերջնական նպատակը, որը բնականաբար նոր հակամարտությունների եւ պատերազմների պատճառ է դառնալու։ Այլ խոսքով՝ Ռուսաստանը փորձում եւ փորձելու է ապահովել այդ երկրների լոյալությունը, ամրապնդել իր ռազմաքաղաքական դիրքերը դրանց մայրաքաղաքներում, իսկ ԱՄՆ-ն էլ ամեն ինչ անելու է, որ դրանցից յուրաքանչյուրը կործանարար ական դառնա հենց Կրեմլի համար։ Բայց ուկրաինական զարգացումների դրամատիզմին չպետք է խաբվել։ Մրցակցող տերությունները նաեւ ընդունակ են համագործակցության եւ պայմանավորվածությունների, ինչն էլ կարող է հանգեցնել նրան, որ ազդեցության սահմանագծերն անցնեն պետությունների մայրաքաղաքներով։
Վերջաբանի փոխարեն անհրաժեշտ է արձանագրել, որ մենք ապրում ենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Թուրքիայի, Չինաստանի զորեղ դիմակայությունների եւ իմպերիալիստական բախումների կիզակետում։ Ուկրաինայի տխուր օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ 21-րդ դարում հնարավոր է գնալ ու եվրոպական մայրաքաղաք պաշարել։ Այս փորձառությունը մեզ հուշում է, որ պարտավոր ենք առնվազն լայնախոհ եւ իրատես լինել։
Իսկ դրա համար անհրաժեշտ է 21-րդ դարի իրադարձություններին վերաբերվել 21-րդ դարի մտածողությամբ, ոչ թե վերարտադրել 19-20-րդ դարերի միֆերն ու կարծրատիպերը բացարձակ չարիքի, երկաթյա վարագույրի, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ, իհարկե, արժեքներով փրկություն աղերսելու մասին։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։