Ճապոնիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ։
Պուտինից, Լավրովից ու Շոյգուից բացի՝ անհատական պատժամիջոցներ են սահմանվել նաեւ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի եւ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի նկատմամբ։ Եթե նրանք ակտիվներ ունեն Ճապոնիայում, դրանք կսառեցվեն։
Միաժամանակ արտահանման պատժամիջոցներ են սահմանվել Անվտանգության դաշնային խորհրդի, Գլխավոր հետախուզական վարչության, «Սուխոյ» ընկերության, «Ռոստեխ» պետական կորպորացիայի եւ եւս 46 ընկերությունների եւ կազմակերպությունների նկատմամբ։
Ռուսաստանի բանկը, Ռուսաստանի զարգացման պետական կորպորացիան (VEB) եւ Պրոմսվյազբանկը եւս հայտնվել են պատժամիջոցների ցանկում։
Պաշտոնական Տոկիոն արգելք է սահմանել նաեւ ընդհանուր նշանակության այն արտադրանքի արտահանման վրա, որի մատակարարումները կարող են նպաստել Ռուսաստանի ռազմական ներուժի աճին: