Ըստ «Ֆրանսպրես» գործակալության՝ ամերիկյան տիեզերական գործակալությունը՝ NASA-ն, եղանակներ է մշակում՝ ուղեծրում Միջազգային տիեզերակայանի սպասարկումն իրականացնել առանց ռուսական օգնության։
Ուկրաինա ներխուժման պահից ի վեր եւ Արեւմուտքի պատժամիջոցներից հետո ռուսաստանյան պաշտոնատար անձինք սկսել են աշխարհին վախեցնել, որ առանց ռուսական օգնության Միջազգային տիեզերակայանը կարող է գահավիժել եւ ընկնել Երկիր մոլորակի վրա։
Սակայն, ըստ Yahoo news-ի, NASA-ից հավատացրել են, որ ռուս մասնագետները դեռեւս չեն դադարեցրել աշխատանքների իրենց հասանելիք մասը տիեզերակայանում։
Ամերիկյան տիեզերական գործակալության տիեզերական թռիչքների ծրագրի ղեկավար Քեթի Լուդերսը հայտնել է, որ աշխատանքներն ընթանում են սովորական ռեժիմով։
Ըստ նրա՝ աշխատանքային մակարդակում ոչ մի նշան չեն տեսնում, որ Միջազգային տիեզերակայանի ռուս գործընկերները հրաժարվում են իրենց պարտականությունները կատարելուց։
«Այդուհանդերձ, միշտ էլ փորձում ենք մեծ օպերացիոն առաձգականություն մշակել, ընդ որում՝ Միջազգային տիեզերակայանի բեռների մեր մատակարարները տարբեր հնարավորություններ են տեսնում այդ առումով»,- շեշտել է NASA-ի թռիչքների ծրագրի ղեկավարը։