Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 28-ին նախագահ Էրդողանի մասնակցությամբ կայացած արտահերթ նիստից հետո լրագրողների հետ խոսել է նեղուցների հարցը կարգավորող Մոնտրոյի կոնվենցիայի մասին՝ նշելով, որ դրա անտեսումը կողմերից ոչ մեկի համար շահավետ չի լինի։
«Զարգացումներին հետեւում ենք մեծ ցավով ու անհանգստությամբ։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ մենք խսիտ դրական հարաբերությունների մեջ ենք։ Հարգելի պարոն նախագահը հստակ սահմանել է այդ երկրների հետ մեր հարաբերությունների շրջանակը։ Անցյալը փառք ու պատվով լեցուն Թուրքիայի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը շարունակում է վարել իր սահմանած սկզբունքների համաձայն»։
«Ինչպես մեր պատմության ողջ ընթացքում, այժմ եւս Թուրքիան հարգում է իր հարեւան պետությունների ինքնիշխանությունը, սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։ Շարժվելով այս սկզբունքով՝ մենք Ուկրաինայի վերաբերյալ նույնն ենք նշում։ Մեր ցանկությունն է րոպե առաջ խաղաղ, դիվանագիտական ճանապարհով կարգավորման գնալը»։ Նախարարը նշել է, որ Ռուսաստանի գործողությունները Թուրքիայի համար անընդունելի են ու դեմ են միջազգային իրավունքի նորմերին։
«Տարիներ շարունակ Մոնտրոյի կոնվենցիան ոչ միայն պաշտպանել է ափամերձ պետությունների շահերը, այլեւ կարգավորել է այլ երկրների ելումուտը նեղուցներում։ Ցանկացած պարագայում Մոնտրոյի կոնվենցիան չկատարելը, ստատուս-քվոն խախտելը ոչ մի պետության համար շահաբեր չի կարող լինել։ Մենք ամեն ինչ անում ենք, որ կոնվենցիայի պահանջները նույն կերպ շարունակվեն կատարվել, եւ կոչ ենք անում բոլոր պետություններին ենթարկվել կոնվենցիայի սահմանած սկզբունքներին»։
«Որպես սևծովյան ավազանում բավականին մեծ ափամերձ շրջան ունեցող պետություն՝ չենք ցանկանում, որ Սեւ ծովը վերածվի պայքարի դաշտի։ Մեր բոլոր հանդիպումներում ու խոսքերում նշել ենք, որ ամեն ինչ անելու ենք սեւծովյան ավազանում խաղաղության ու անվտանգության միջավայրի պահպանման համար։ Ինչպես մինչ օրս կատարել ենք Մոնտրոյի՝ նեղուցների վերաբերյալ կոնվենցիայի 19-րդ, 20-րդ ու 21-րդ հոդվածները, նույն կերպ շարունակելու ենք կատարել»,- ըստ թուրքական Milliyet օրաթերթի՝ նշել է նախարար Աքարը։
Պատաստեց Լիլիթ Մարտիրոսյանը