Ռուսական «Զա ռուլյոմ» հանդեսը հրապարակել է տարբեր երկրներում արտադրվող ժանգոտման առումով ամենաանպաշտպան հինգ ավտոմեքենաների ցանկը:
Հնգյակում ընդգրկված առաջին սերնդի ռուսական «Lada Granta»-ի ամենաթույլ տեղը ծալովի կափարիչի տակ՝ հատակի կողմից չներկված հատվածներն են: Ժանգն ի հայտ է գալիս շահագործումից երկու-երեք տարի անց: Արագ ժանգոտումը կապում են ցինկապատման որակի անկայունության հետ:
Նման խնդրի հետ են բախվում նաեւ «Renault Logan & Sandero»-ի սեփականատերերը: Ըստ մասնագետների՝ եռածավալ թափքով սեդանն ավելի է հակված ժանգոտման, քան երկծավալ հեթչբեքը:
Հանդեսը ոչ թանկ՝ ամենագնաց ավտոմեքենաների անպատվաբեր ցանկում ընդգրկել է նաեւ չեխական «Skoda Yeti»-ին, որի ժանգոտման սրընթացությունը բնավ կախված չէ նրանից, թե մեքենան որ երկրում են հավաքում:
Միջին սեգմենտի արժեքավոր մակնիշներից ժանգի նկատմամբ խոցելի է ճապոնական «Mazda 6»-ը։ Առաջին ժանգաբծերն ի հայտ են գալիս երկրորդ-երրորդ գարնանամուտին, ավելի լուրջ վնասվածքները՝ 6-7 տարի անց, 100 000 եւ ավելի կիլոմետր վազք գրանցելուց հետո:
Ժանգահարների մեջ բացարձակ չեմպիոնը ռուսական արտաճանապարհային ՈՒԱԶ «Պատրիոտ»-ն է։ Ասում են՝ ժանգ է հայտնաբերել անգամ դրա 2018-ին թողարկված նմուշների վրա: