ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւս փակում է իր օդային տարածքը ռուսաստանյան բոլոր ինքնաթիռների համար։
«Այսօր ես հայտարարում եմ, որ մենք մեր դաշնակիցներից հետո Ռուսաստանի էլ ավելի մեկուսացման համար փակում ենք ամերիկյան օդային տարածքը ռուսաստանյան բոլոր ավիաչվերթերի համար ու ավելացնում ենք ճնշումը տնտեսության վրա»,-ասել է Բայդենը եւ հավելել, որ Պուտինն այժմ ավելի քան երբեւէ մեկուսացած է աշխարհից:
ԱՄՆ նախագահը ասել է նաեւ, որ Պուտինը հաշվարկներում սխալվել է թե՛ ուկրաինացիների առումով, որոնք ամբողջ ուժով պաշտպանում են իրենց երկիրը եւ թե՛ ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի առումով, քանի որ նրանք միաբան են իրենց դիրքորոշումներում եւ գործողություններում:
Ըստ ԱՄՆ տրանսպորտի նախարարության՝ ԱՄՆ օդային տարածքն օգտագործելու արգելքը վերաբերում է Ռուսաստանի հետ կապված բոլոր ինքնաթիռներին, այդ թվում՝ չարտերային չվերթեր իրականացնող օդանավերին։
Եվրամիությունն էլ իր տարածքով ռուսական ինքնաթիռներին թռիչքներ իրականացնել արգելել էր փետրվարի 28-ից։
Պահանջը վերաբերում է բոլոր օդանավերին, որոնք շահագործվում են Ռուսաստանում գրանցված ռուսական ավիափոխադրողների կողմից։ Որոշումը վերաբերում է նաեւ այն ինքնաթիռներին, որոնք գրանցված չեն Ռուսաստանում, բայց որեւէ կերպ վերահսկվում են ռուսական ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ կազմակերպության կողմից: