Մարտի 1-ին Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանի-Սադրիուն հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ինչից հետո նրանք համատեղ մամուլի ասուլիս են տվել թուրքական լրատվամիջոցներին, հայտնում է Sabah օրաթերթը։
Էրդողանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է օրակարգային մի շարք կարեւոր հարցերի շուրջ։
«Կոսովոյի ճանաչման հարցում առաջին քայլն արել է ԱՄՆ-ը։ Այն ճանաչած երկրորդ պետությունը Թուրքիան է եղել։ Մենք բոլոր տեսակի քայլերը ձեռնարկել ենք, որպեսզի աշխարհը ճանաչի Կոսովոյի անկախությունը։ Այժմ եւս որոշ պետությունների հետ շարունակում ենք բանակցությունները»։
«Կոսովոյի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ – Որպես ՆԱՏՕ-ի կարեւոր անդամներից մեկը՝ Թուրքիան այս հարցում ոչ մի խնդիր չի տեսնում։ Մենք Կոսովոյի ճանաչման հարցում անհրաժեշտ քայլերն անում ենք, նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին նույնպես կընդունենք»։
«Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ – 1959-1963 թվականներին, ցավոք, ԵՄ-ն անընդհատ երկարաձգում էր Թուրքիայի անդամակցության գործընթացը։ Մինչ օրս Թուրքիան դեռ ԵՄ չի ընդունվել։ Հիմա Ուկրաինայի շուրջ օրակարգ է ստեղծվել, ու միանգամից սկսվեց Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը։ Մենք ոչ մի դեպքում չենք ասի՝ «ԵՄ ընդունե՛ք կամ մի՛ ընդունեք», մենք միայն մեր երկրի համար ենք պատասխանատու։ Բայց հիմա զարմացած հետեւում ենք Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանը գործընթացին, ու ցանկանում եմ հարց տալ ԵՄ անդամներին՝ ինչո՞ւ եք Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում անհանգստանում, հապաղում կամ ինչո՞ւ չեք ընդունում։
ԵՄ անդամ երկրներին դիմելով՝ ցանկանում եմ ասել՝ խնդրում եմ Թուրքիայի նկատմամբ ցուցաբերել նույն զգայունությունը, ինչը հենց հիմա ցուցաբերում եք Ուկրաինայի նկատմամբ։ Թե՞ Թուրքիային օրակարգ կմտցնեք միայն այն ժամանակ, երբ ինչ-որ պետություն էլ Թուրքիայի դեմ պատերազմ սկսի։
Մեր կոչն ուղղված է թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային։ Ժամ առաջ դադարեցրե՛ք կրակն ու խաղաղությանն ուղղված քայլե՛ր գործադրեք։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը