Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի շաբաթներ, ամիսներ շարունակվելը եւ Մոսկվայի պարտությունը կարող են ստեղծել իրավիճակ, որի պայմաններում ռուս խաղաղապահների դուրսբերումը ղարաբաղյան հակամարտության գոտուց դառնա կենսական անհրաժեշտություն ռուսական իշխանությունների համար:
Արցախի անվտանգության եւ պաշտպանության հարցում ռուս խաղաղապահները 44-օրյա պատերազմից հետո ունեն առանցքային նշանակություն: Արցախի պաշտպանության բանակը տեղում է, սակայն այս պահին ընդունակ չէ դիմակայելու 10 միլիոնանոց Ադրբեջանի ռազմական ուժերին, որոնք ստանում են Թուրքիայի աջակցությունը, զինված են ժամանակակից սպառազինությամբ, այդ թվում՝ թուրքական եւ իսրայելական անօդաչու հարվածային թռչող սարքերով:
Քանի դեռ Հայաստանն ի վիճակի չէ ստանձնելու Արցախի անվտանգության եւ պաշտպանության իր երաշխավորի դերը, որ կատարում էր 1991-ից 2020 թվականներին, ռուս խաղաղապահների հեռացումը կարող է նշանակել Արցախի հայաթափում եւ կամ նոր ջարդեր/ցեղասպանություն:
Ռուսաստանը եւ մեր արեւմտյան դաշնակիցները 20-րդ դարի առաջին տասնամյակներին մի քանի անգամ հեռացել են տարածաշրջանից՝ հայ ժողովրդին թողնելով միայնակ ներխուժող թուրքական բանակների դեմ: Հայ քաղաքական միտքը, որ փարվել էր նախ ռուսական, ապա արեւմտյան հովանավորությանը, ցարական իշխանություններին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային մեղադրեց հայ ժողովրդին դավաճանելու եւ թուրքական յաթաղանի դեմ միայնակ թողնելու համար, թեեւ ո՛չ Մոսկվան, ո՛չ բրիտանացիները, ո՛չ էլ Վուդրո Վիլսոնը հավատարմության խոստում չէին տվել:
1991-ի դեկտեմբերին ռուսական, ավելի ճիշտ՝ խորհրդային ուժերը հեռացան Լեռնային Ղարաբաղից՝ դեմ դիմաց միայնակ թողնելով հայերին եւ ադրբեջանցիներին: Արցախն ու նրա թիկունքին կանգնած Հայաստանը կարողացան դիմակայել եւ 1994-ին անժամկետ խաղաղություն պարտադրել Ադրբեջանին, արժանապատիվ խաղաղություն, որը մաշեցին ու վատնեցին Հայաստանի հաջորդ իշխանությունները:
Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում Մոսկվայի հաղթանակը (դժվար է բացատրել, թե ինչ է նշանակում, եւ որն է ռուսական կողմի հաղթանակը) նախանշելու է նախագահ Վլադիմիր Պուտինի նոր կայսերական հավակնություններ: Կայսրությունները չեն վերականգնվում, ինչպես անցյալում են մնացել Օսմանյան Թուրքիան, Ռոմանովների Ռուսատանը, ԽՍՀՄ-ը: Մյուս կողմից, Ռուսաստանը գրեթե չի թաքցնում հետխորհրդային տարածքում, բացառությամբ Բալթյան երկրների, նոր Միութենական տարածություն/միավոր ձեւավորելու իր հավակնությունները:
Թուլացած, ինքիշխանությունից եւ անկախությունից մեծ մասամբ զրկված Հայաստանն այդ տարածության միավորներից մեկն է դիտարկվում, անգամ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Հայաստանի եւ Արցախի գոյապահպանական շահերից չի բխում Ռուսաստանի հաղթանակը, առավել եւս՝ պարտությունը: Հայաստանի քաղաքական շահերից է ռուս-ուկրաինական պատերազմի շուտափույթ դադարեցումը, որը նաեւ վերջ կդնի մարդկային կորուստներին՝ լինեն մեզ բարեկամ ռուսները կամ ուկրաինացիները:
Հայաստանն այսպիսի դժոխային ընտրության առաջ է կանգնում, քանի որ արտաքին քաղաքականության հարցում հենվում է երրորդ ուժի վրա եւ քաղաքական խիզախություն չի ունենում ուղիղ խոսելու իր համար կենսական վտանգ ներկայացնող հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը եւ Արցախում արժանապատիվ, մեր ուժերի ներածին չափով ու փոխզիջումների հիմքով խաղաղության հաստատումը մեզ հնարավորություն կտային խուսափելու 44-օրյա աղետալի պատերազմից, ինչպես նաեւ այն սպառնալիքներից, որ կարող են առաջանալ ուկրաինական ճակատում Ռուսաստանի հաղթանակի եւ կամ պարտության դեպքում:
Ինչպես 1918-ին եւ 1920-ին, այնպես էլ 1998-2020 թվականներին մենք հույսներս դրեցինք երրորդ ուժի վրա (Հայաստանի եւ հայ քաղաքական մտքի համար երրորդ ուժ են դիտարկվել մի շարք պետություններ՝ Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, եվրոպական դաշնակիցներ), եւ երեք դեպքերում էլ երրորդ ուժերը չեկան օգնության։ Մենք ստիպված եղանք ստորացուցիչ պայմանագրեր/հայտարարություններ կնքել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ. 1918-ին՝ Տրապիզոն-Բաթումում, 1920-ին՝ Ալեքսանդրապոլում, 1921-ին՝ Կարսում, 2020-ին՝ Մոսկվայում կամ Մոսկվայի միջնորդությամբ:
Հայ քաղաքական միտքը, սակայն, շարունակում է դասեր չքաղել մեր ողբերգական պատմությունից ու պարտություններից, մերժում է խոսել ցեղասպան Թուրքիայի եւ հայատյաց Ադրբեջանի հետ՝ շարունակելով հույս դնել երրորդ երկրների օգնության վրա:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։