39 տարի առաջ Արգենտինան, պատերազմելով անգլիացիների դեմ, փորձեց վերահաստատել իր տիրապետությունը Մալվինյան (Ֆոլքլենդյան) կղզիներում եւ ձախողեց։ Կղզեխումբը Ատլանտյան օվկիանոսի հարավում է՝ մայրցամաքային Արգենտինայից մոտավորապես 500 կմ հեռավորության վրա։ Մինչ օրս արգենտինացիները, դիմելով միջազգային ատյաններին, անդադրում ջանքեր են գործադրում իրենց տարածքային պահանջը բավարարելու համար, թեեւ տեղաբնիկները հստակ արտահայտել են բրիտանահպատակ մնալու իրենց ցանկությունը։
Կղզիների բնակիչները 1960-ականներից անվանվում են քելփըրներ (անգլ. «kelp»՝ լամինարիա՝ ջրիմուռի տեսակ)։ Նրանք համարվում են 19-րդ դարի անգլիացի ներգաղթյալների ժառանգորդները։
2016 թվականի մարդահամարի տվյալներով կղզիներում բնակվում է 3200 անձ, որոնց 42 տոկոսը կազմում են տեղաբնիկները՝ քելփըրները, մնացածն այլ ազգերի ներկայացուցիչներ են, այդ թվում՝ 900 անգլիացի եւ 18 արգենտինացի։ Հայտնի է նաեւ, որ այդտեղ տեղակայված է Միացյալ Թագավորության զորքը։ Ենթադրվում է, որ զինվորներն ավելի շատ են, քան տեղաբնիկները, սակայն հստակ թիվը չի նշվում։ Փոխարենը բոլորը գիտեն, որ այնտեղ կա 500,000 ոչխար, որոնց բուծում են բուրդ եւ միս ստանալու համար։ Այսօր կղզիներ կարելի է հասնել նավով կամ օդանավով. թռիչքներ կան Չիլիից, Բրազիլիայից եւ Անգլիայից, բայց ոչ Արգենտինայից։
1982 թվականի ապրիլի 2-ին Արգենտինան կառավարող զինվորական խունտան հայտարարեց, որ վերականգնել է արգենտինյան տիրապետությունը Մալվինյան, Հարավային Ջորջիա եւ Հարավային Սանդվիչյան կղզիներում։ Թեեւ պատերազմի հիմնական պահանջը տարածքի վերադարձն էր, սակայն չպետք է մոռանալ նաեւ շատ հարուստ բնական ռեսուրսների մասին։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է կղզիների շուրջ 5,000,000 քառ. կմ ծովային տարածքին (որը հավասար է Արգենտինայի մայրցամաքային մասին)։ Ջրային այդ հատվածի ընդհանուր (ներառյալ օվկիանոսի հատակը) ռեսուրսային հարստությունը պատկանում է կղզիներին տիրապետող պետությանը։ Բրիտանացիների ուսումնասիրությունների համաձայն՝ այն ենթադրաբար ներառում է 60 մլրդ բարել նավթի պաշար։
Պատերազմը տեւեց 72 օր եւ ավարտվեց 1982 թվականի հունիսի 14-ին արգենտինյան ուժերի պարտությամբ՝ խլելով 649 արգենտինացիների եւ մոտ 300 բրիտանացիների կյանք։ Այս իրադարձությունները նպաստեցին երկիրը 1976 թվականից կառավարող զինվորական խունտայի անկմանը։ Իսկ 1983 թվականին տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ՝ վերջ դնելով յոթնամյա բռնապետությանը։
Մալվինյան կղզիների հարցը երկար պատմություն ունի։ Կղզեխումբը նշված է եղել Իսպանական կայսրության 1522, 1529 եւ 1541 թվականների ծովային քարտեզներին։ 1592-ին անգլիացի ծովագնաց Ջոն Դեւիսը, անցնելով կղզիների կողքով, դրանք նշում է քարտեզի վրա որպես անգլիական՝ պահպանելով կղզեխմբի իսպանական անվանումը։ Երկու դար անց՝ 1764-ից սկսած, կղզիները վեճի առարկա են դառնում Ֆրանսիայի եւ Իսպանիայի, այնուհետեւ՝ Անգլիայի եւ Իսպանիայի միջեւ, սակայն հարցը 1774 թվականին լուծվում է հօգուտ Իսպանիայի։
1810-1816 թթ. Արգենտինան, ի թիվս հարավամերիկյան այլ պետությունների, անկախանում է Իսպանիայից՝ համարելով որ իրավահաջորդն է նաեւ նախկինում կայսրությանը պատկանած Մալվինյան կղզիների։ Սակայն 1883-ի հունվարի 3-ին բրիտանական ուժերը գրավում են կղզիները՝ դուրս մղելով արգենտինացի սակավաթիվ բնակիչներին եւ պաշտոնյաներին, բնակեցնելով տարածքը բրիտանահպատակներով։ Այդ օրվանից երկու դար շարունակ արգենտինյան ոչ մի կառավարություն չի ընդունում այդ իրողությունը եւ չի հաշտվում կղզիների կորստի հետ։
1965 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունեց թիվ 2065 (XX) որոշումը, որը, արձանագրելով Արգենտինայի եւ Միացյալ թագավորության միջեւ առկա խնդիրը, կոչ արեց երկու կողմերին անմիջապես սկսել բանակցություններ՝ հիմնվելով «Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անկախություն տալու մասին» հռչակագրի վրա՝ խնդրին խաղաղ ու վերջնական լուծում գտնելու նպատակով։ Նշյալ որոշումից հետո ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ու հատուկ կոմիտեի 40-ից ավելի փաստաթղթերում վերահաստատվում է այդ նույն որոշումը։ Հարցը խորությամբ ուսումնասիրած բոլոր հեղինակներն ընդունում են, որ այս իրադարձությունը եւս մեկ անգամ ի ցույց դրեց միջազգային կազմակերպությունների անարդյունավետությունը հակամարտությունների կանխման եւ լուծման հարցում։
Նման հարցերը լուծում են ստանում միայն այն դեպքում, երբ համընկնում են գերտերությունների շահերին։
Հետաքրքրական է, որ դեռեւս 1910 թվականին բրիտանացի պաշտոնյաները, կասկածի ենթարկելով իրենց երկրի պահանջատիրական մոտեցումը կղզիների նկատմամբ, առաջարկում էին արժանապատիվ ձեւ գտնել տարածքները Արգենտինային վերադարձնելու համար։ 1930-ականներին բրիտանական կառավարությունը կարծես համոզվել էր, որ ձեռնտու չէ պահել կղզիները, սակայն 1968-ին, երբ արգենտինացիներն ուժեղացրին ճնշումը բրիտանական կառավարության վրա, Falkland Islands Company-ն (մենաշնորհային մի ընկերություն, որ 19-րդ դարից սկսած կառավարում էր կղզիները) տապալեց բրիտանական արտգործնախարարության բոլոր ջանքերը։ Falkland Islands Company-ն, ճնշում գործադրելով Լոնդոնի բարձր ատյանների վրա, կարողացավ համոզել կառավարությանը, որ հետ հանձնելու նախաձեռնությունը քաղաքական տեսանկյունից ավելի թանկ կարժենա, քան այդ ուղղությամբ ոչ մի բան չանելը։
Դիտարկելով Մալվինյան կղզիների պատերազմը ճգնաժամային կառավարման տեսանկյունից՝ նշվում է մի քանի ողբերգական սխալ․
- Խունտայի ամենամեծ սխալն այն էր, որ լավ չէին պատկերացնում ԱՄՆ քաղաքական համակարգն ու քաղաքական որոշումների ընդունման ընթացակարգը։ Նրանք ԱՄՆ տարբեր պաշտոնյաների կարծիքներն ընկալել էին որպես պետական մակարդակի վերջնական որոշումներ։ Արդյունքում սենատոր Ջեսսի Հելմսի օրենսդրական հարցերով օգնականի եւ Վեռնոն Ուոլթերսի* անզգույշ դիտարկումներն ընդունել էին որպես հստակ խոստում, թե Միացյալ Նահանգները կսատարի արգենտինացիներին Մալվինների հետբերման գործում՝ փոխարենը արգենտինացիներից ակնկալելով աջակցություն ԱՄՆ քաղաքականությանը Կենտրոնական Ամերիկայում։ Նույնիսկ ակնարկվում էր, որ եթե պետք լինի, ԱՄՆ-ն ուժ կկիրառի եւ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, որ բրիտանացիների արձագանքը կոշտ չլինի։
Այսպիսով՝ Արգենտինայի կառավարությունը լսում էր այն, ինչ ուզում էր լսել, ու չէր ցանկանում որ իրականությունն ազդի իր տեսլականի վրա։
- Արգենտինյան կառավարությունը հաշվի չէր առել բրիտանացիների ազգայնականությունն ու վճռականությունը ու նախաձեռնել էր պատերազմը՝ խորապես համոզված լինելով, որ Անգլիան չի ձեռնարկի կամ չի կարողանա ձեռնարկել համաչափ ռազմական գործողություններ՝ խուսափելով անընդունելի կորուստներից։ Արդյունքում արգենտինացիները չունեին ծրագիր, թե ինչպես պիտի վարվեն, եթե առճակատվեն վճռական գործողությունների։
- Զինվորական խունտան զարմացած էր, որ բրիտանական նավատորմը չէր զլացել այդքան երկար ճանապարհ կտրել ու հասնել Հարավային Ատլանտիկա։ Խունտան ու նրա խորհրդատուներն այդ աստիճան չէին հետաքրքրվում տեղեկատվական հոսքով եւ տարատեսակ կարծիքներով։
Քաղաքական մեկուսացման հետեւանքով խունտան խորհուրդներ էր ստանում անփորձ մարդկանցից ու չէր ստուգում տեղեկության հավաստիությունը։
- Խունտան, որ միշտ կասկածով էր վերաբերվում մամուլին, ամեն ինչ արեց, որ լրագրողները քիչ հանդիպումներ ունենան զինվորների հետ, եւ թույլ էր տալիս տեղեկություն տարածել միայն քարոզչության տեսքով։ Նրանք որոշում էին ընդունում նեղ շրջանակում։ Մամուլը թե՛ գրաքննվում էր, թե՛ ինքնագրաքննվում, այնպես որ խունտային ոչ հաճելի տեղեկություն դուրս չէր սպրդում։
Քանի որ արդեն պարզ էր, որ պատերազմն անխուսափելիորեն պարտությամբ է ավարտվելու, ռազմի դաշտից հասնող տեղեկություններն ավելի ու ավելի պաթետիկ բնույթ էին կրում, ինչը միայն ուժեղացրեց դավաճանության եւ դառնության զգացումը, որը տիրեց արգենտինացիների մեջ պատերազմի ավարտից հետո։
- Մանիպուլյացիաները հասարակության եւ մամուլի հետ նպաստեցին խունտայի արագ գահավիժմանը։
- Ըստ հետագայում ստեղծված Ռատենբախի հանձնախմբի եզրակացության՝ ռազմական գործողությունների մասնակիցների բազմաթիվ վկայությունները փաստում են, որ համակարգված ղեկավարման պակասը եւ մատակարարման սխալները վիժեցրին արգենտինացիների գործողությունները։
- Զինվորները հաճախ տարբեր պարագաների պակաս էին զգում, թեեւ դրանք առկա էին կղզիներում։ Հետեւակը տարօրինակ ռազմավարության զոհն էր դարձել․ բոլոր նորակոչիկներին, որոնք պատշաճ ձեւով չէին զինված, տեղավորել էին խրամատներում, որտեղ նրանք պետք է սպասեին հրամանի։ Բոլորովին տեղեկացված չլինելով գործողությունների ծավալման մասին՝ նրանք նկատում էին թշնամուն, երբ նա արդեն մոտ տարածության վրա էր, եւ այդ պահին փորձառու հրամանատարների բացակայությունը խիստ բացասական դեր էր խաղում։
- Հակամարտող երկու կողմերն էլ բազմիցս ընդգծել են արգենտինացի զինվորականների հերոսությունը։ Խոսքը վերաբերում է թե՛ ցամաքային զորամասերին, թե՛ հատուկ ստորաբաժանումներին եւ թե՛ օդուժին։ Նրանց դիմադրությունն ու պայքարը շատ ավելին էր, քան ակնկալում էին բրիտանացիները։ Սակայն անկազմակերպ ղեկավարումը, ինչպես նաեւ տարբեր զինվորական ուժերի բոլորովին չհամակարգված գործողությունները հանգեցրին հայտնի արդյունքին։ Ինչ վերաբերում է արգենտինյան նավատորմին, ապա «Բելգրանո» նավի խորտակումից հետո ծովուժը պարզապես դադարեցրեց մասնակցությունը մարտերին։ Այս վերջին հանգամանքը հատկապես հիասթափեցրեց արգենտինացիներին, քանի որ ծովակալ Անայան Խունտայի ամենառազմատենչ ներկայացուցիչն էր եւ ռազմական գործողությունների ջատագովը։
- Արգենտինացիները պնդում էին, որ ԱՄՆ-ն նրանց «դավաճանել է», բացի այդ՝ օգնություն է տրամադրել բրիտանացիներին։ Խնդիրն այն է, որ ամերիկյան արբանյակների միջոցով բրիտանացիները հետեւել էին արգենտինյան բանակի տեղաշարժին։
- Արգենտինացիներին վրդովել էր նաեւ այն փաստը, որ անգլիացիներն առաջնագծում իրենց դեմ օգտագործում էին գուրքաներին՝ նեպալյան ծագում ունեցող զինվորների, որոնք հայտնի են որպես կատաղի կռվողներ։
- Բրիտանացիներն ունեին շատ հստակ նպատակ, որին հասան ամենաարդյունավետ ձեւով․ նրանց քաղաքական կամքը ռազմական ուժերի ճիշտ համակարգման հետ մեկտեղ հնարավորություն տվեց պահին համահունչ ռազմավարություն վարելու եւ պահելու կղզիները։
Ինչպես ասում էր Արգենտինայի նախկին արտգործնախարար Օսկար Կամիլիոնը, եկել է ժամանակը, որ արգենտինացիներն իրենց տեսնեն դիմացինի աչքերով եւ ողջախոհ արտաքին քաղաքականություն վարեն, երկրի ազգային շահերը պաշտպանեն՝ տալով այնպիսի ձեւակերպումներ, որոնք խորթ չեն թվա միջազգային ատյաններին։ Միայն այդ ձեւով եւ ոչ ռազմական արկածախնդրությամբ ու մեծամտությամբ Արգենտինան կկարողանա հասնել իր նպատակին։
Վերջաբանի փոխարեն
2004 թվականին արգենտինահայ գործարար Էդուարդո Էուռնեկյանը հանձն առավ Մալվինյան կղզիներում կառուցել գերեզմանատուն 649 նահատակների համար, որոնցից շատերի ինքնությունն անհայտ էր, եւ որոնք թաղված էին «Արգենտինացի զինվոր, որի անունը միայն Աստծուն է հայտնի» գրվածքի ներքո։
Դարվին բնակավայրի գերեզմանոցը պատրաստ էր 2012-ին, երբ ընկած զինվորների մեծամասնության ինքնությունը հաստատված էր։ Իսկ 2018 թվականին, երբ հաստատվեց եւս 90 զինվորի ինքնությունը, գործարարը հերոս-նահատակների ընտանիքների անդամների համար կազմակերպեց այց կղզիներ, որպեսզի նրանք կարողանան հարգանքի տուրք մատուցել իրենց մերձավորներին։
Ինչպես գրեց մամուլը․ «Այս գործին ձեռնամուխ չեղան ո՛չ Արգենտինայի կառավարությունը, ո՛չ անգլիացիները, ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ էլ հարյուրավոր ՀԿ-ները․ այս ամենը Էդուարդո Էուռնեկյանի գործն էր»։
Հավելենք, որ նրա այդ մարդասիրական ծրագիրը մեծ երախտագիտությամբ է ընդունվել թե՛ Արգենտինայի եւ թե՛ Անգլիայի կողմից։ Իսկ բոլորովին վերջերս՝ 2020 թվականի դեկտեմբերին, Էուռնեկյանն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի (OBE) կոչման։
_______________________________________
* Վեռնոն Ուոլթերս (1917-2002), ԱՄՆ զինվորական եւ դիվանագետ, 1972-1976 թթ. եղել է ԿՀՎ տնօրեն, 1985-1989 թթ․՝ ԱՄՆ դեսպան ՄԱԿ-ում, 1989-1991 թթ․՝ ԱՄՆ դեսպան Գերմանիայում երկրի վերամիավորման կարեւոր շրջանում։
Տես նաեւ՝ 53 պատմական լուսանկար Մալվինյան պատերազմից
Հոդվածի հեղինակը հայերեն է թարգմանել արգենտինացի բանաստեղծ Մարիո Սամպաոլեսի «Մալվիններ» պոեմը, որի որոշ հատվածներ կարող եք կարդալ «Գրանիշ» կայքում