The Washington Post
Մարտի 2, 2022 թվական
Հեղինակներ՝ Շեյն Հարիս, Ջոն Հադսոն, Միսսի Ռայըն եւ Սուադ Մեխեննետ
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ռուսական զորքերը ներխուժել են Ուկրաինա: ԱՄՆ եւ Եվրոպական հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները պնդում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել է մեկուսացված վիճակում եւ ստիպված է ապավինել իր խորհրդատուների փոքր խմբին, որոնք իրենից թաքցրել են ճշմարտությունն այն մասին, թե որքան դժվար եւ թանկ է լինելու Ուկրաինայի գրավումը:
Վերլուծաբանները Պուտինին համարում են գերլարված առաջնորդ, որը թերագնահատել էր Արեւմուտքի միասնական վճռականությունը:
Պուտինի ռազմական արշավը, ինչպես նաեւ ռուսական միջուկային ուժերը տագնապի բարձր մակարդակի վրա պահելու նրա կարգադրությունը վերջին օրերին ստիպեցին ԱՄՆ հետախուզական գործակալություններին խորությամբ ուսումնասիրել նրա մտադրությունները:
Հետախուզական վերլուծաբանների համար բարդ խնդիր է հասկանալ, թե ինչ կա որեւէ առաջնորդի մտքում: Պուտինի դեպքում շատ կարեւոր է կանխատեսել, թե ինչպես է նա գործելու, որպեսզի ԱՄՆ-ում որոշում կայացնողները կարողանան համարժեք արձագանքել եւ փորձել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում:
Հետախուզական ծառայությունները պարբերաբար իրականացնում են համաշխարհային առաջնորդների կերպարների վերլուծություններ: Սովորաբար այդ տվյալները թարմացվում եւ վերանայվում են ճգնաժամերի ընթացքում:
Այժմ վերլուծաբանները մանրամասն ուսումնասիրում են Պուտինի յուրաքանչյուր խոսքն ու շարժումը` նրա հոգեկան վիճակի, խառնվածքի եւ ծրագրերի ու մտադրությունների վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով:
«Այս օրերին մենք հարցումներ ենք արել հետախուզության մեր գործընկերներին Պուտինի հոգեկան վիճակի վերաբերյալ»,- ասաց ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից մեկը, որը խոսեց անանունության սկզբունքը պահելու պայմանով:
«Մենք հասկանում ենք, որ նա մեկուսացված է եղել համավարակի ժամանակ եւ շրջապատված է եղել իրեն «այո» ասող մարդկանցով: Բոլորը փնտրում են ճեղքվածքներ, երբ խոսքը նրա՝ իշխանությանը մնալու մասին է, սակայն մենք որեւէ նշանակալից ճաք չենք տեսնում»:
Ներխուժումից առաջ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետախուզական վերլուծաբանները նախազգուշացրել էին, որ Պուտինը ապատեղեկատվություն էր ստանում իր խորհրդականներից, որոնք նրան չափազանց վարդագույն պատկերով էին ներկայացնում, թե որքան հեշտությամբ են գրավելու Ուկրաինան: Այդ մտահոգություններն այժմ խորացել են, քանի որ ռուսական զինված ուժերն ամեն գնով արյունալի պայքար են մղում մայրաքաղաք Կիեւի համար:
«Մենք բոլորս տեսել ենք Պուտինի նկարները եւ այն ֆիզիկական հեռավորությունը, որ կա իր եւ իրեն շրջապատող մարդկանց միջեւ,- ասաց մեկ այլ պաշտոնյա՝ նշելով Պուտինի լուսանկարները, որտեղ նա նստած է իր խորհրդականներից մի քանի մետր հեռավորությամբ, երկար սեղանի շուրջ,- ինչ որ տեղ դա կարելի է նաեւ փոխաբերական իմաստով ընկալել»:
«Մենք չպետք է թույլ տանք հետագա էսկալացիա»,- ասաց մի պաշտոնյա:
«Պուտինի գործերը լավ չեն ընթանում: Նա բղավում է անձնակազմի վրա: Պատերազմը հետ է ընկել իր ժամանակացույցից: Սա Պուտինի համար վտանգավոր ժամանակ է»:
«Երբ ռուսները լսում են, որ արեւմտյան առաջնորդները խոսում են ոչ թռիչքային գոտու մասին, նրանք մտովի վերադառնում են 2011 թվականի Լիբիա, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերի՝ երկիր մտնելուց մի քանի ամիս անց տապալեցին Մոամմար Գադդաֆիին»,- ասաց պաշտոնյան:
2011 թվականին ՆԱՏՕ-ն միջամտել էր Լիբիայի քաղաքացիական հակամարտությանը, եւ ոչ թռիչքային գոտին նախատեսված էր Լիբիայի օդային տարածքը, բացի հումանիտար օգնություն տեղափոխող տարածքից, բոլոր չվերթները փակելու համար:
«Մենք մտադրություն չունենք Ուկրաինա մտնելու ո՛չ ցամաքով, ո՛չ էլ օդով»,- ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Ստոլտենբերգը՝ նշելով, որ իր պարտականությունն է համոզվել, որ «հակամարտությունը դուրս չի եկել վերահսկողությունից կամ չի վերածվել լայնամասշտաբ պատերազմի Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ»:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին կարծում է, որ ոչ թռիչքային գոտի հայտարարելու պատճառ կա, քանի որ ԱՄՆ ինքնաթիռները պարեկություն անելով երկնքում կկասեցնեն ռուսական ինքնաթիռների հարձակումները:
Եվրոպական հետախուզական ծառայության որոշ պաշտոնյաներ նաեւ մտավախություն են հայտնել, որ որքան շատ պատժամիջոցներով ճնշեն Պուտինին, ապա նա, որպես պատասխան, այնքան շատ քաղաքացիական կառույցներ կթիրախավորի Ուկրաինայում:
Ռուսաստանի առաջնորդին անձամբ ճանաչող մարդկային աղբյուր չունենալը շատ է դժվարացնում Պուտինին հասկանալը:
2016-ին Միացյալ Նահանգների համար լրտեսող ռուսները կարողացան ցույց տալ, որ Պուտինն անձամբ է հրահանգել իր հետախուզական ծառայություններին միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններում:
Իրավիճակին ծանոթ գործող եւ նախկին պաշտոնյաները հավաստում են, որ Պուտինի որոշումների կայացման վերաբերյալ մանրամասնություններին տեղյակ այդ մակարդակի աղբյուրներ այլեւս Ռուսաստանում չկան:
Վերլուծաբաններն այժմ վերանայում են այդ աղբյուրից ավելի վաղ հաղորդումները` պարզելու, թե արդյոք այն իսկապես բավականաչափ տեղյակ է տարբեր իրավիճակներում Պուտինի արձագանքներին:
Սակայն կա նաեւ մտավախություն, որ աղբյուրը կարող է տրամադրել այնպիսի տեղեկություն, որով կցանկանա ազդել ԱՄՆ կառավարության վրա` պատժամիջոցները թուլացնելու մղումով, Պուտինին ներկայացնելով որպես վշտացած ու կատաղած:
ՀԴԲ(FBI) հետախուզական այս փաստաթղթի մասին առաջին անգամ հաղորդել է CNN-ը: ՀԴԲ-ն հրաժարվել էր մեկնաբանություն տալուց:
Վերլուծաբանները նույնպես մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչ է ասում Պուտինը հրապարակավ: Մինչ ներխուժումը նրա հեռուստատեսային ուղերձը, որում նա պնդում էր, թե Ուկրաինան ինքնիշխան երկիր չի եղել, Ուկրաինայի եւ Արեւմուտքի դեմ բողոքի ու վիրավորանքի արտահայտում էր՝ լցված պատմական անճշտություններով ու կեղծիքներով:
Բայց, ըստ վերլուծաբանների, դա նաեւ հստակ ցուցադրում էր Պուտինի վճռականությունը, որ Ուկրաինան պատկանում է Ռուսաստանին եւ երբեք չպետք է ընդունվի ՆԱՏՕ:
«Մենք մեծ ռիսկի ենք դիմում՝ թերագնահատելով Պուտինի խոսքերը,- ասաց Ռուսաստանին քաջատեղյակ ԱՄՆ պաշտոնյան:- Ես կարծում եմ, որ նա միշտ հետեւողական է եղել իր ասածին եւ ուզածին»:
Ըստ այդ պաշտոնյայի՝ Պուտինի՝ միջուկային ուժերն ավելի բարձր տագնապի պատրաստվածության դնելու հրամանը ցույց է տալիս, թե որքան վճռական է նրա պահանջը Ուկրաինայի ապագայի եւ ՆԱՏՕ-ի վերաբերյալ երաշխիքներ կորզելու հարցում: Պաշտոնյան հավելեց նաեւ, որ որպես նախազգուշացում Արեւմուտքին՝ Պուտինը նույնիսկ կարող է չբնակեցված տարածքի մթնոլորտում միջուկային զենք պայթեցնել:
«Նա կարծում է, որ մենք իրեն լուրջ չենք ընդունում: Նա կարծում է, որ մենք իրեն միշտ թույլ ենք տեսնում, եւ ի վերջո նա կցանկանա դրան հակադարձ քայլ անել»,- ասաց պաշտոնյան: