Բրիտանական The Guardian հանդեսը հայտնել է, որ անհատական եւ պլանշետային համակարգիչների, հեռախոսների, ծրագրային ապահովման արտադրությամբ զբաղվող ամերիկյան Apple ընկերությունը որոշել է դադարեցնել իր ապրանքների վաճառքը ՌԴ-ում:
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ուկրաինացի պաշտոնյաները դիմել էին տեխնոլոգիական ընկերություններին՝ Ռուսաստանի դեմ գործողություններ ձեռնարկելու կոչով։ Մասնավորապես, Ուկրաինայի փոխվարչապետ եւ թվային տեխնոլոգիաների նախարար Միխայլո Ֆյոդորովը Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկին ուղղված նամակում հորդորել էր սահմանափակել իր ծառայությունների հասանելիությունն այդ երկրի ներսում եւ խստացնել Ռուսաստանի պետական լրատվության տարածման հնարավորությունները:
«Մենք խորապես անհանգստացած ենք Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ եւ կանգնելու ենք բոլոր նրանց կողքին, ովքեր տառապում են բռնի գործողությունների հետեւանքով»,- ասել է Apple-ի ներկայացուցիչը:
Արդեն իսկ սահմանափակվել է Apple Pay-ի եւ այլ ծառայությունների գործունեությունը։ Ռուսաստանից դուրս Apple ցանցից այլեւս հնարավոր չի լինի ներբեռնել ռուսական պետական լրատվամիջոցներ RT News-ը եւ Sputnik News-ը: