Ամերիկան չի ուզում փակել Ուկրաինայի օդը։ Բայդենն այդպես էլ ասում է՝ փակել նշանակում է ներքաշվել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։ Իսկապես տարբերակ չկա։ Եթե փակի, պիտի ռմբակոծի ռուսական ինքնաթիռներն ու ամբողջ օդուժը, պիտի հրթիռներ որսա։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանը կռվում է Կիեւի իշխանություններին փոխելու համար։
Պուտինը պատժամիջոցներին չի նայում, դրանք նրան չեն սարսափեցնում, կարեւորը, որ Արեւմուտքը երկրորդ ճակատ չբացի Ռուսաստանի դեմ, այլապես սա արդեն համաշխարհային պատերազմ էլ չի լինի։ Սա կլինի վերջին պատերազմ։ Արեւմուտքն, ըստ ամենայնի, կհաշտվի Ուկրաինայի կորստի հետ։ Քաղաքական իմաստով Ուկրաինան կվերադառնա ռուսական ազդեցության գոտի։ Բայց ի՞նչ է պատրաստվում Պուտինն անելու 40 միլիոն ուկրաինացիների հետ։ Որովհետեւ ուկրաինացի ժողովրդին Պուտինը հաստատ չի ստանա։ Ավելին, դա լինելու է Ուկրաինայում ռուսների չափազանց հյուծիչ ներկայություն։
Փաստն այն է, որ Պուտինը մինչեւ վերջ մտադիր է գնալու նաեւ ուրիշ պատճառով։ Նա Չինաստանին էլ բան ունի ապացուցելու, Արեւմուտքն այս պատերազմի միակ ընթերցողը չէ։ Չինաստանն էլ պիտի իմանա, որ անկառավարելի ռուսը մի ուրիշ փորձանք է։ Նույնիսկ միջուկային աղետի դեմ չի կանգնի Ռուսաստանը։ Հիմա հարցերի հարցն այն է, որ եթե անգամ աշխարհը պատրաստ լինի բանակցելու Վլադիմիր Պուտինի հետ, երկրորդ Հիտլերի «տիտղոսն» արդեն նրանից «խլել» չի լինի։
Ռուսաստանը «վաստակեց» պետություն-ահաբեկիչ կարգավիճակը։ Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը ամերիկյան Fox News հեռուստաընկերության եթերում ասում է՝ մեկը պիտի լինի՞ Ռուսաստանում, որ վերացնի Վլադիմիր Պուտինին։ Այսինքն՝ հրաժարվում են նրա մեջ տեսնել մարդուն, որի հետ հնարավոր է խոսել։ Բայց խոսել ստիպված են լինելու։ Որովհետեւ հիմա արդեն ոչ մի երաշխիք չկա, որ Ուկրաինայից հետո Պուտինը չի խփելու Լեհաստանին, Չեխիային, Ռումինիային։
Ամերիկան ամեն կերպ փորձում է «արթնացնել» ռուս օլիգարխներին՝ շեշտելով, որ այս պատերազմը Պուտինի հետ նաեւ իրենց է խորտակելու։ Այսօր Ռուսաստանի ամենախոշոր «Լուկոյլ» ընկերությունը կոչ է արել կանգնեցնելու այս «ռազմական բախումները»։ Լոնդոնյան բիրժայում «Լուկոյլի» արժեթղթերն էժանացել են 95 տոկոսով եւ գնահատվում են ընդամենը 5 ցենտ։ Միլիարդատեր Դերիպասկան պատերազմի սկզբից արդեն 3 հայտարարություն է տարածում այս պատերազմը կանխելու ուղղությամբ։ Բայց օլիգարխիան ատոմային կոճակներից հեռու է, իսկ Պուտինը մեկուսացել է բոլոր հնարավոր հարվածներից։
Ռուսաստանը պատերազմում է «փակ աչքերով», այսինքն՝ տնտեսական ոչ մի պատժամիջոց այլեւս նրան հետաքրքիր չէ, ինքն աշխարհին ուզում է դնել տեղը, ուզում է հիշեցնել, թե ով ով էր 1945-ին։ Հենց 1945-ին, որից հետո ձեւավորվեց արեւմտյան ճամբար եւ սոցճամբար։ Մի փոքրիկ տարբերություն կա։ Հաագան հետ չի տալու հայցը, տեխնոլոգիական բոլոր զարգացումները շրջանցելու են Ռուսաստանն ու նրա ազդեցության գոտիները, ու ի վերջո քաղաքակրթության պատմությունը ընդհանրապես «երրորդ Հռոմի» հաղթանակի երրորդ փորձի դեմ է։ Պուտինը չի էլ ենթադրում, որ կռվում է ոչ թե Ուկրաինայի դեմ, այլ․․․ սեփական քարտեզի։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: