Ըստ The Daily Telegraph պարբերականի՝ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը խոշոր գումար է փոխանցել Արտակարգ իրավիճակների կոմիտեին (Disasters Emergency Committee)՝ Ուկրաինայի փախստականների համար: Բուքինգհեմյան պալատը գումարի չափը չի նշել:
15 բարեգործական կազմակերպություններ միավորող կոմիտեն շնորհակալություն է հայտնել թագուհուն կոմիտեի գործին շարունակական աջակցություն ցուցաբերելու առատաձեռնության համար:
Կոմիտեն գումարը կփոխանցի Մոլդովայում, Ռումինիայում, Հունգարիայում, Սլովակիայում եւ Լեհաստանում ապաստանած ուկրաինացի փախստականների համար պարեն, ջուր եւ առաջին անհրաժեշտության այլ օգնություն հայթայթող բարեգործական կառույցներին:
Քեմբրիջի դուքս իշխան Ուիլյամը եւ դքսուհի Քեյթ Միդլթոնը եւս համերաշխություն են հայտնել Ուկրաինային եւ մասնավոր նվիրատվություն արել: