Ոչ ոք որեւէ բացատրություն չտվեց, թե Արցախում 2017 թվականին սահմանադրական փոփոխությունների ինչ անհրաժեշտություն կար կամ եթե նույնիսկ կար, ինչու կասեցվեց իշխանափոխության ավանդույթը։
Բակո Սահակյանը տասը տարի պաշտոնավարել էր, ոչինչ չէր խանգարում, որ հեռանար, ձեւավորվեր նոր իշխանություն։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Նոր սահմանադրությամբ հաստատվեց «անցումային շրջան», Ազգային ժողովը եռամյա ժամկետով Բակո Սահակյանին վերստին օժտեց նախագահական լիազորություններով, վարչապետի պաշտոնը լուծարվեց։
Նախագահի պաշտոնը երրորդ ժամկետով ստանձնելուց կարճ ժամանակ անց Բակո Սահակյանը 2007 եւ 2012 թվականների ընտրություններում հիմնական մրցակիցներ Մասիս Մայիլյանին եւ Վիտալի Բալասանյանին ընդգրկեց քաղաքական վերնախավում։ Առաջինը ստացավ արտգործնախարարի, երկրորդը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Արդյոք դա ակնա՞րկ էր, որ երկուսից մեկն է լինելու իրավահաջորդը։
2017-ի աշնանը Ժնեւում տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը։ Մամուլը տեղեկացրեց, որ պաշտոնական բանակցություններից զատ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները տասնհինգ րոպե առանձնազրույց են ունեցել։
2018-ի փետրվարին Իլհամ Ալիեւը ստորագրեց արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր։ Դրանք ժամանակային առումով փաստացի համընկան Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնի ստանձնմանը, բայց տեղի ունեցավ անսպասելին, եւ Նիկոլ Փաշինյանի սակավամարդ շարժումը մի քանի օրում ծավալվեց-ահագնացավ, ի վերջո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Մայիսի վերջին Ստեփանակերտում մի քանի տասնյակ երիտասարդներ փակեցին կենտրոնական՝ Ազատամարտիկների, պողոտան։ Պահանջները համեստ էին՝ ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի, նրա տեղակալի եւ գլխավոր դատախազի հրաժարական։
Հունիսի 1-ին հրաժարական տվեց պետական նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա Բակո Սահակյանի նախագահության երկու շրջանում գլխավորել էր կառավարությունը, խորհրդարանում նրա ղեկավարած «Ազատ հայրենիք» խմբակցությունը թվաքանակով ամենամեծն էր։ Թվում էր՝ «թավշյա հեղափոխությունը» կարձագանքի նաեւ Ստեփանակերտում, բայց Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց «ցրվել տներով» եւ աջակցություն հայտնեց Բակո Սահակյանին։ Քաղաքական այս լճացումը 2019-ի ամռանը «պայթեցրեց» ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ կազմակերպելով սահմանադրական հանրաքվեի ստորագրահավաք։
Արդյունքը շատ տպավորիչ էր․ շուրջ քսանհինգ հազար ընտրող Սամվել Բաբայանին տեսնում էր 2020-ի ընտրություններին նախագահի ֆավորիտ թեկնածու, բայց Ազգային ժողովը մերժեց նախաձեռնությունը, Բաբայանը դուրս մնաց նախագահական մրցապայքարից։ Հետագա իրադարձությունները քիչ թե շատ հայտնի են։ Միայն ընդգծեմ, որ Արցախի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ 2020-ին ընտրապայքարին մասնակցեց նախագահի տասնչորս թեկնածու։ Հետահայաց գնահատմամբ (թեեւ դիտողունակ մարդու համար այն ժամանակ էլ պարզ էր) դա քաղտեխնոլոգիական հնարք էր, որ կիրառվեց մի նպատակով՝ կանխել Արայիկ Հարությունյանի մեկ փուլով հաղթանակը, ինչը եւ փայլուն խաղարկվեց։
Որպես արդյուն ունեցանք թույլ իշխանություն, իսկ չորս ամիս անց պայթած պատերազմը, աղետալի պարտությունը, հանրային դժգոհությունը եւ համատարած կասկածամտությունը գրեթե զրոյացրին քաղաքական համակարգի հեղինակությունը։ Վերջին շրջանում, ճիշտ է, կոլապսը հաջողվել է կանխել, իշխանությունը որոշակի հեղինակություն է վերագտնում, բայց զուգահեռաբար տեղի է ունենում գաղափարա-արժեհամակարգային դեգրադացիա, երբ կուսակցությունը, որ խորհրդարանում խմբակցություն ունի, մի օր ընդդիմադիր է, հաջորդ պահին՝ չեզոք-սպասողական, իսկ երբ գործադիրից պորտֆել ստանալու առաջարկ է ստանում, իսկույն գայթակղվում է։
Իհարկե, բոլորն էլ փորձում են իրենց «օպորտունիզմը» մատուցել իբրեւ «վասն համազգային համերաշխության» արված «հարկադիր քայլ», բայց Ստեփանակերտը փոքր, բարքերով միշտ գավառամիտ քաղաք է։ Այստեղ Վերածննդի հրապարակի շշուկները վերջին փակուղի-փողոցներում էլ արձագանքում են, բոլոր նշանակումները, փոխատեղումները, նոր գերատեսչությունների կազմավորումը կամ լուծարումը՝ բացատրվում շատ պրագմատիկ հիմնավորումներով։
Արդյունքն այն է, որ քաղաքական կյանքը տրանսֆորմացվում է «ներքին համաձայնությունների» կամ «սուր տարաձայնությունների», որոնք առայժմ հմտորեն կառավարվում են Արցախի ապագայի շուրջ «խոր մտահոգության» կամ «աշխարհաքաղաքական ճիշտ ընտրության» մասին դիլետանտական շաղակրատանքներով, որոնց կարիքը հասարակությունը չունի։
Մարդիկ ավելի լավ են տեսնում, թե որտեղ, ինչպես եւ ինչու են կանգնում ռուս խաղաղապահ զորախմբի պարեկները, ինչ արժե նրանց ներկայությունը։ Անհասկանալին քաղաքական դասի կեցվածքն է, որ բազմազան դրսեւորումներով վերջում մի նպատակադրվածության է հանգում՝ ինչպե՞ս առավելագույնս շահել խաղաղապահների աջակցությունը, ինչպե՞ս վստահեցնել, որ Ռուսաստանին, ռուսական շահերին ամենահավատարիմը հենց իրենք են։ Դիմազրկության այս «ռեսուրսով» է Արցախը գնում սահմանադրական փոփոխությունների։
Մինչդեռ ժամանակը բախտորոշ է։ Հավատարմությունը՝ հավատարմություն, բայց քաղաքականությունը շահերի համադրման արվեստ է։ Այս իմաստով նոր սահմանադրությունը ոչ միայն ներքին կազմակերպվածության «կանոնագիրք», այլեւ աշխարհին քաղաքակրթական ուղերձ պետք է լինի, որը ձեւակերպելու համար քաղաքական դիսկուրս է պետք, բազմապլան քննարկումներ, հանրային բանավեճ։ Այլապես կարող ենք 2017-ի «փոցխի վրա կանգնել»։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։