Էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը չի ցանկանում ավելորդ զգուշավորություն դրսեւորել եւ անդրադառնում է այն հարցին, թե Հայաստանի վրա ինչ ազդեցություն կարող է թողնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը։ «Երկարաժամկետ հեռանկարում՝ դրական, կարճաժամկետ կտրվածքով խնդրահարույց է։ Փակ ճանապարհները չեն կարող տնտեսության համար լավ լինել»,- ասում է նա։
Անցած տարեվերջին, երբ Վահան Քերոբյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար, հայտարարեց. «Եթե մեր ապրանքները կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ դուք վատ բան տեսնո՞ւմ եք»։ Ընդդիմադիր ուժերն անմիջապես սուր քննադատության ենթարկեցին նրան եւ հայտարարեցին, թե նորանշանակ նախարարը չի հասկանում տնտեսությունից եւ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերություն ունենալ։
Եղիազարյանը նույնպես կարծում է, որ լավ կլինի, եթե Հայաստանը կարողանա իր ապրանքները վաճառել Ադրբեջանում։ «Մենք առանձնապես վաճառելու բան չունենք։ Այն, ինչ մենք ենք վաճառում, իրենք էլ են վաճառում։ Միակ տարբերությունն այն է, որ Ադրբեջանը նավթ ու գազ էլ է վաճառում, իսկ մենք չունենք։ Լավագույն դեպքում Ադրբեջանի հետ կունենանք գրեթե նույն տնտեսական հարաբերությունները, ինչ ունենք Վրաստանի հետ։ Ադրբեջանը չունի այն առանձնահատկությունը, որ մեզ համար դառնա կենսական նշանակություն ունեցող տնտեսություն»,- ասում է նա։
Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերություններ սկսելը տնտեսագետը համարում է նավթի, գազի ու բենզինի ներկրման այլընտրանքային հնարավորության ստեղծում։ Եվ չի վախենում քննադատությունից, որ հիմա էլ իրեն կմեղադրեն, թե տնտեսությունից չի հասկանում կամ ցանկանում է թշնամի Ադրբեջանին հարստացնել։ Իսկ տնտեսագետը հավատո՞ւմ է, որ Հայաստանը մի օր կարող է Ադրբեջանից նավթ, գազ եւ բենզին գնել։ Կամ արդյո՞ք Ռուսաստանը թույլ կտա, որ Հայաստանը հատկապես գազը գնի Ադրբեջանից։ Չէ՞ որ այդպիսով կկորցնի գազամատակարարման մենաշնորհային դիրքն ու Հայաստանի վրա ազդելու լծակներից մեկը։ «Իսկ ի՞նչ է, բացառո՞ւմ եք։ Դա հնարավորություն է, դիվերսիֆիկացիա, որից պետք է կարողանալ օգտվել։ Այս պահին կա հոգեբանական խնդիր, ինչը չեմ կարծում, որ կարճ ժամանակում կհաղթահարվի, բայց երկար ժամանակահատվածում ինչո՞ւ ոչ։ Կարելի է մտածել»,- ասում է նախկին նախարարը։
Բայց տնտեսական հարաբերություններ սկսելու համար Եղիազարյանի կարծիքով խնդրահարույց է հենց հոգեբանական պատնեշը, որը կա հայերի ու թուրքերի միջեւ, եւ դա հաղթահարելը կլինի շատ դժվար ու կպահանջի երկար տարիներ։ Իհարկե, նրան մտահոգում են նաեւ անվտանգային խնդիրները, բայց, որպես տնտեսագետ, ավելի շատ ուշադրությունը սեւեռում է տարածաշրջանում Թուրքիայի տնտեսական քաղաքականության, ավելի շուտ՝ «տնտեսական էքսպանսիայի» վրա, եթե, իհարկե, տնտեսական հարաբերություններ սկսվեն նաեւ Թուրքիայի հետ։ Հիշեցնում է Վրաստանի օրինակը, որտեղ Թուրքիան խոշոր ներդրումներ է կատարում ու արդեն թելադրող դառնում անգամ քաղաքական հարցերում։ Ասում է՝ փոքր երկրներին դժվար է դիմակայել հզոր տնտեսություն ունեցող երկրների ճնշումներին։
Մյուս կողմից էլ ԱրմենԵղիազարյանը հույս ունի, որ Հայաստանին չի սպառնում այդ հեռանկարը, թե հարաբերությունները վերականգնելու դեպքում Թուրքիան բացասական ազդեցություն կունենա նաեւ մեր երկրի տնտեսության վրա։ Ասում է՝ Հայաստանը համեմատաբար ցածր տնտեսական գրավչություն ունի։ Թուրքիան Վրաստանում ներդրումներ է կատարում հատկապես տուրիզմի ոլորտում ու հատկապես ծովափնյա հատվածում։ Բարեբախտաբար թե դժբախտաբար, մեր երկիրն այդ հնարավորությունը չունի։
Ա․Եղիազարյանը տնտեսական առումով ճիշտ չի համարում ՀՀ կառավարության կողմից Արցախյան պատերազմի առաջին օրերին թուրքական ծագման ապրանքների ներմուծման վրա 6 ամիս ժամկետով արգելք դնելը։ Դա համարում է ընդամենը քաղաքական որոշում. հունիսին այդ ժամկետը չպետք է երկարացնել։ «Եթե կարողանում ես էժան ապրանք բերել, ինչո՞ւ չբերես»,- հավելում է նա։
Տնտեսագետը նաեւ ասում է, որ հարաբերությունների վերականգնման դեպքում դժվար թե Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսական համագործակցության ծավալը բազմապատկվի։ «Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները մինչեւ պատերազմն էլ մեծ հաշվով սահմանափակված չէին։ Տարեկան մոտ 260 մլն դոլարի ապրանք էինք առնում, դա մեր ներմուծման 6-7 տոկոսն էր, եւ գալիս էր Վրաստանով։ Չեմ կարծում, որ ճանապարհները բացելուց հետո կավելանա, պարզապես այդ ապրանքը 4-5 տոկոսով կէժանանա։ Այնպես որ այդքան շատ վախենալ պետք չէ Ճանապարհների բացվելուց, թե թուրքական ապրանքները կողողեն մեր շուկաները, կամ Թուրքիայի տնտեսությունը կճնշի Հայաստանի տնտեսությանը»,- ասում է նա։
Իսկ տնտեսությունն ու տեղական արտադրողին ոչ միայն Թուրքիայի, այլեւ տարբեր երկրների բացասական ազդեցությունից պաշտպանելու համար կան բազմաթիվ գործիքներ։ Եվ պետք է պաշտպանել ոչ միայն Հայաստանում, այլեւ դրսում։ Նա այդ գործիքներից է համարում հատկապես տարադրամի փոխարժեքը. այն պետք է ձեռնտու լինի տեղական արտադրողին, որպեսզի թե՛ ներսում, թե՛ արտահանելիս մրցունակ լինի։
Պատերազմից հետո դրամը արժեզրկվել է։ Օրինակ, եթե աշնանը հնարավոր էր 1 դոլարը գնել 486-490 դրամով, ապա այսօր այն 520-525 դրամ է։ Այսինքն՝ դրամը դոլարի նկատմամբ մոտ 35 դրամով արժեզրկվել է։ Եղիազարյանը դա քիչ է համարում եւ կարծում է, որ դոլարը կթանկանա մինչեւ 600-650 դրամ։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։