ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության նպատակը» Ուկրաինան մասնատելը չէ: Ըստ նրա՝ Մոսկվան ընդամենը ձգտում է սեփական անվտանգության համար երաշխիքներ ապահովելու:
«Ռուսաստանը ձգտում է նրան, որ Եվրոպայում անվտանգության ոլորտում հավասարակշռությունը փոխվի, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այլեւս զենք չմատակարարեն Ուկրաինային»,- նշել է Պեսկովը։ Ըստ նրա՝ ՌԴ-ն միջոցներ է ձեռնարկում զինաթափելու Կիեւին, որն իր գործողություններով սպառնում է նաեւ Լուգանսկի եւ Դոնեցկի անվտանգությանը։
Նա հավելել է, որ ՌԴ-ն միշտ կողմ է եղել ՆԱՏՕ-ի երկրների հետ առկա հակասությունների դիվանագիտական ճանապարհով լուծմանը, մասնավորապես Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի արեւելք չընդլայնվելու հարցում։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի ձեռնարկի համաշխարհային անվտանգությանը սպառնացող գործողություններ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր, թե հույս ունի, որ Կիեւի դիրքորոշումը բանակցությունների նախատեսված երրորդ փուլում խելամիտ կլինի: Նա հայտարարել էր, որ Ռուսաստանը հարեւան երկրների նկատմամբ ոչ մի վատ մտադրություն չունի։
Պուտինը նաեւ վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է Կիեւի հետ երկխոսելու Մոսկվայի բոլոր պահանջների կատարման դեպքում: