Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության խոսնակը հայտնել է, որ հեռուստաընկերությունը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանի Դաշնության տարածքում:
«CNN-ը կդադարեցնի հեռարձակումը Ռուսաստանում, միեւնույն ժամանակ կշարունակենք գնահատել իրավիճակն ու կհստակեցնենք մեր հետագա անելիքները»,- հայտնել է խոսնակը:
CNN-ի այս քայլը հաջորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` մարտի 4-ին օրենքի ընդունմանը, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար:
Նման օրենքներն օբյեկտիվ լրագրությունը երկրում անհնարին են դարձնում
Ամերիկյան Bloomberg գործակալության գլխավոր խմբագիր Ջոն Միքլթուեյթը հայտնել է, որ գործակալությունը մարտի 5-ին ՌԴ տարածքում իր լրագրողների աշխատանքը միառժամանակ դադարեցնելու որոշում է ընդունել:
Խոսքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մարտի 4-ին ստորագրած օրենքն է, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար:
«Մեծ ցավով որոշում ենք ընդունել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանում լրահավաք գործունեությունը»,-ասել է Միքլթուեյթը:
Գործակալության գլխավոր խմբագիրը շեշտել է, որ որոշման պատճառը քրեական օրենսգրքում արված փոփոխությունն է, որը հավանաբար միտված է ցանկացած անկախ լրագրողի վերածել հանցագործի: Լրատվական գործակալությունից նշել են, որ նման փոփոխությունները երկրում օբյեկտիվ լրագրությունն անհնարին են դարձնում:
Օրենքի ընդունումից հետո Ռուսաստանում գործունեությունն արդեն ժամանակավորապես դադարեցրել են նաեւ բրիտանական BBC-ն եւ կանադական CBC-ն: