ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Ուկրաինայում «հատուկ գործողության» ամբողջ ընթացքում խոցվել է ռազմական ենթակառուցվածքի 2037 օբյեկտ, այդ թվում՝ 71 կառավարման կետ եւ կապի հանգույց, 98 ՀՕՊ համալիր, 61 ռադիոտեղորոշման կայան:
Ըստ ռուս գեներալի՝ ոչնչացվել են նաեւ 66 ինքնաթիռ երկրի վրա եւ 16-ը՝ օդում, 708 տանկ եւ այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի 74 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու եւ ականանետների 261 զենք, 56 անօդաչու թռչող սարք:
Կոնաշենկովը հայտնել է, որ ռուս զինվորականները Ժիտոմիրում ոչնչացրել են Javelin եւ NLAW հակատանկային հրթիռային համալիրների մեծ պահեստ:
Ռուսական զորքերի անձնակազմի կորուստը՝ 10 հազար մա՞րդ
Ըստ «Ուկրաինսկայա պրավդա» գործակալության՝ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ փետրվարի 24-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում ռուսական զորքերի անձնակազմի կորուստը կազմել է մոտավորապես 10 հազար մարդ։
Ուկրաինական կողմը, ըստ գործակալության, խոցել է 39 ինքնաթիռ, 40 ուղղաթիռ, 269 տանկ, 945 մարտական զրահապատ մեքենա, 105 հրետանային համակարգ, 19 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 50 համակարգ, 60 ցիստեռն՝ վառելիքով եւ քսանյութերով, 3 անօդաչու, 2 մոտորանավակ, 409 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: