«Երբ արկը քեզանից մի քանի մետր հեռու պայթում է, ու աչքերդ փակ սպասում ես մահվան, երբ մահից խույս տված՝ մտածում ես, որ ընդամենը ոտքդ ես կորցրել, վիրավոր ես, վերածնվում ես»,- ասում է վերջերս 22-ամյակը բոլորած Վազգեն Մուրադյանը:
Իր կյանքն արդեն երկու փուլի է բաժանում՝ մինչեւ պատերազմն ու դրանից հետո: Սեպտեմբերի 29-ին է մեկնել առաջնագիծ՝ Մարտակերտ-Մատաղիս բախման կետ: Մարտական դիրքը հետ վերցնելու ժամանակ ականանետի հարվածից ջոկատից երկու հոգի զոհվել են, Վազգենին տեղափոխել են հիվանդանոց՝ ձախ ազդրի բազմաբեկորային վնասվածքով: Վիրահատության արդյունքում երկու բեկոր հեռացրել են, մի քանիսը դեռ ազդրի մեջ են: Հիշում է. անօդաչու սարքերի, գիշեր-ցերեկ չընդհատվող կրակոցի ձայներից հանգիստ չունեին:
Երեք շաբաթ հիվանդանոցում անցկացնելուց, վերականգնվելուց հետո Վազգենը մտադիր էր վերադառնալ, պատերազմը չէր վերջացել, իսկ ցանկացած զինվոր՝ թեկուզ հինգ օրվա փորձառությամբ, մարտի դաշտում կարող էր պիտանի լինել: Փաստաթղթի ստորագրումը փոխեց նրա ծրագրերը:
Մինչ մարտի դաշտ մեկնելը Վազգենը սովորում էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, զուգահեռ աշխատում սոցիոլոգիայի ոլորտում, ուսման վարձի մի մասն իր աշխատավարձով էր վճարում: Հիմա աշխատանք չունի. հույս ուներ, որ կօգտվի կառավարության նոր ծրագրից, ըստ որի՝ պետությունը 100 տոկոսով կփոխհատուցի պատերազմի մասնակից ուսանողների ու մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակների եւ կնոջ կամ ամուսնու՝ առաջին կիսամյակի ուսման վարձը: Ըստ ծրագրի՝ հետագայում հնարավոր է օգտվել նաեւ զեղչային համակարգից: Եթե ուսանողն արդեն վճարել է ուսման վարձը, ապա նրա վճարած գումարը կփոխանցվի հաջորդ կիսամյակ:
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բուհին ներկայացնել միայն մարտական գործողություններին մասնակցությունը հաստատող փաստաթուղթ: Իսկ մարտական գործողություններին մասնակցությունը հավաստվում է պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատի տրամադրած տեղեկանքով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ լիազոր պետական մարմնի տրամադրած տեղեկանքով:
Այս ծրագրից օգտվել Վսզգենին դեռեւս չի հաջողվում. զինկոմիսարիատից տեղեկանք ձեռք բերելը երկարատեւ ու բարդ գործընթաց է, մեկ ամսից ավելի է՝ սպասում է պատասխանի: Մինչդեռ համալսարանը տեղեկանքը ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանել:
Տեղեկանքի համար Վազգենը դիմել է Արաբկիրի զինկոմիսարիատ, որտեղից հարցում են արել Մարտակերտի դիվիզիոն, այնտեղից տեղեկություն չստանալուց հետո էլ՝ Մարտակերտի գունդ, որի կազմում նա ծառայել է: Բայց կասկածներ ունի, որ այնտեղ էլ չեն կարողանա պարզել՝ արդյոք ինքը մասնակցե՞լ է մարտական գործողությունների. ի դեպ, զինվորական գրքույկը դեռ Մարտակերտի գնդում է:
«Իհարկե, գործնականորեն դժվար է հետեւել յուրաքանչյուր զինվորի տեղաշարժին, բայց ճիշտ կազմակերպելու դեպքում նման խնդիրներից հնարավոր էր խուսափել»,- ասում է Վազգենը:
Զինկոմիսարիատում պատճառաբանում են նաեւ, որ ներկայիս իրավիճակում բարդ է կապ հաստատել համապատասխան կառույցների հետ, քանի որ Արցախի որոշ վայրերում դեռեւս չկա համացանցային կապ, կարգավորված չէ էլեկտրոնային փոստի աշխատանքը:
Ուսխորհրդի միջամտությամբ համալսարանը վերջնաժամկետը երկարաձգել էր մինչեւ հունվարի 20-ը: Նույնիսկ տեղեկանքը ներկայացնելու դեպքում Վազգենը դարձյալ խնդիրների առջեւ էր կանգնելու:
Դիմել է նաեւ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանին, վերջինս էլ, կարեւորելով հարցը, խոստացել է բոլոր հնարավոր օղակներով բարձրաձայնել: Պատասխան չստանալու դեպքում Վազգենը մտադիր է դիմել դատարան՝ դատական կարգով իր իրավունքը ճանաչելու համար: Սա համատարած խնդիր է:
Վազգենի ուսման տարեկան վարձը 870,000 դրամ է, օգտվում է բուհում գործող ուսման զեղչային համակարգից:
«Նույնիսկ եթե հնարավորություն ունենայի քաշքշուկներից խուսափելու համար ինքս վճարել ուսման վարձը, դա չի փոխում խնդրի էությունը. եթե մի ծրագրի տվել են իրավական ամրագրում, ապա պարտավոր են այն կատարել»,- ասում է ապագա իրավաբանը:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։