DON’T LOOK UP
Դուք դիտե՞լ եք «Մի՛ նայիր վերեւ» ֆիլմը: Այո՛, նայել եք, ես հիշում եմ: Իմ ինստագրամն ամբողջությամբ այդ մասին էր (ա՜խ, որքան եմ կարոտում այն օրերը, երբ կարողանում էի անհոգ Ինստագրամում սթորիներ նայել):
Հիմա Ուկրաինայում մեզ զգում ենք ինչպես այդ ֆիլմում: Խնդրում ենք պաշտպանել մեր երկինքը ոչ թե ընկնող գիսաստղերից, այլ ընկնող հրթիռներից: Այս հաղորդագրությունը գրում եմ Կիեւում գտնվող իմ ռմբապաստարանից: Այս ամենն արդեն իսկական ապոկալիպսիս է թվում: Բայց եթե դուք ճանաչում եք ուկրաինացիներին, պետք է իմանաք, որ մենք աշխարհի ամենադիմացկուն ժողովուրդն ենք:
Մենք շարունակում ենք հրապարակել իրադարձությունները, խնդրում ենք ձեր աջակցությունը, քանի որ դիմադրում ենք ապատեղեկատվությանը: Մենք երախտապարտ ենք յուրաքանչյուր մարդու, ով չի վախենում «վերեւ նայելուց» ու ճշմարտությունը տեսնելուց։
Ճշմարտությունը պարզ է:
Եթե մենք՝ ուկրաինացիներս, պարտվենք, պարտվելու է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում:
Ինչպես հայտնի ֆիլմում, ապոկալիպսիսի այս պայմաններում անգամ կյանքը շարունակվում է Կիեւում: Մեր ռմբապաստարանում երեխաները գրքեր են կարդում (առանց Wi-Fi-ի, առանց մուլտֆիլմերի), ընտանիքները թղթախաղ են խաղում, շան ձագուկները սիրառատ են ու ընկերասեր, ասես թերապեւտիկ շներ լինեն:
Մենք պահպանում ենք հանգստություն, աջակցում ենք ուկրաինական անվախ բանակին, արյուն ենք հանձնում եւ կամավորություն անում: Եվ մենք հաղթելու ենք՝ աշխարհի աջակցությամբ կամ առանց դրա: Բայց աշխարհի աջակցությամբ մենք շատ ավելի արագ կհաղթենք։
Այսպիսով՝ իմ ամերիկացի, եվրոպացի եւ ռուս ընկերնե՛ր՝ ուղեղով ու սրտով մարդիկ, աշխարհի՛ մարդիկ, խնդրում եմ, արե՛ք այն ամենն, ինչ կարող եք: Տարածե՛ք վստահելի տեղեկություններ, նվիրաբերե՛ք, բողոքե՛ք:
Պարզապես նայե՛ք վերեւ:
#УкраïнаПереможе
#StandWithUkraine
#нетвойне
* * *
ԳՐԱՌՈՒՄ ԿԻԵՎԻ ԼՈԳԱՍԵՆՅԱԿԻՑ՝ ԱՀԱԶԱՆԳԵՐԻ ԱՂՄՈՒԿԻ ՄԵՋ
Կատերինան (անունը փոխված է) անցնում է իսկական դժոխքի միջով, քանի որ ընտանիքի եւ կատվի հետ թաքնվում է Կիեւի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքի բնակարանում: Արդեն չորս օր Ռուսաստանն ու Բելառուսը ռմբակոծում են ուկրաինական քաղաքներն ու գյուղերը՝ փորձելով գրավել երկիրը։ Կատերինան ընտանիքի հետ թաքնվում է լոգասենյակում, որը հեռու է պատուհաններից:
Նա չի կարող գնալ ստորգետնյա ապաստարան, քանի որ մայրը չի կարող տեղաշարժվել:
«Մայրս կույր է, չի կարողանում շարժվել ու մշտապես պառկած է: Նա նման է մեծ նորածին երեխայի: Ամեն անգամ, երբ քաղաքում օդային հարձակման ահազանգ է լինում, գնում ենք լոգասենյակ, եւ նրան տակդիրով պառկեցնում եմ լոգարանում: Մենք չենք կարող նրան ապաստարան տանել: Եթե անգամ արկն ընկնի ուղիղ դեմքիս, մենք այստեղ կլինենք»,- պատմում է Կատերինան առանց կասկածելու ու վախենալու:
ԳԻՇԵՐԸ ԿԻԵՎԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ
Արտասահմանից ընկերներս ինձ հարցնում են՝ ինչպես եմ: Որոշեցի կիսվել իմ նոր իրականության մի դրվագով: Ընտանիքիս եւ ընկերներիս հետ պարբերաբար ստուգում ենք միմյանց դրությունը: Հատկապես առավոտներն են սարսափելի եւ անհանգիստ, երբ արագ վերցնում եմ հեռախոսը՝ պարզելու՝ բոլորն են արդյոք ողջ ու անվնաս: Օրվա ու գիշերվա ընթացքում մի քանի անգամ վախի ճնշող զգացումից թմրում է մարմինս: Այնպես, որ անգամ մատներս չեմ կարողանում շարժել: Սիրտս սեղմվում է, ու շունչս՝ կտրվում: Ամբողջ ուժով փորձում եմ ինձ հավաքել ու շարժվել: Անել ամեն ինչ՝ թիկունքը պահելու համար:
Պատերազմից մի քանի օր առաջ զարմիկիցս իմացա սարսափ մուլտֆիլմի կերպարի` Siren Head-ի մասին: Յութուբում մի քանի տեսանյութ դիտելուց հետո մտածեցի՝ այս կերպարը իմ տեսածներից ամենասարսափելին է (այստեղ այդ տեսանյութերից մեկն է, իսկ ավելին կարող եք տեսնել հետեւյալ հղումով):
Այսպես Siren Head-ն անվերջ գլխումս է, նա հետապնդում է իմ ամենասիրելի մարդկանց, ընտանիքիս ու ընկերներիս, ուկրաինացիներին ու իմ երկիրը: Իմ ու ընտանիքիս այսօրվա նախաճաշը օդային տագնապի ազդանշաններն ու եկեղեցու զանգերն էին:
Հուսով եմ՝ մնացած աշխարհը լավ քնել ու վայելել է իր կիրակնօրյա առավոտը: Անասելի կարոտել եմ կիրակնօրյա առավոտները: Հո՛գ տարեք ձեր եւ ձեր սիրելիների մասին, գնահատե՛ք խաղաղության յուրաքանչյուր րոպեն եւ հիշե՛ք, որ անգործությունը նույնպես հանցագործություն է, այն մեղսակցություն է ու մահվան դատապարտում:
Մի՛ լռեք, հեռու մի՛ պահեք ձեզ այս ամենից: Գործե՛ք, խնդրում եմ ձեզ:
Փա՛ռք Ուկրաինային։ Փա՛ռք Հերոսներին: Փա՛ռք Ուկրաինայի զինված ուժերին եւ նրա` իրավամբ գեղեցիկ ժողովրդին:
* * *
ՕԼՅԵՆԱ
Պուտինի հարձակման ժամանակ քույրիկիս հետ որոշեցինք մնալ Կիեւի մեր տանը։ Մենք իմ բնակարանում էինք, քանի որ այն բարձր պատերով եռահարկ շենքում է: Քույրիկս ապրում է 24-հարկանի շենքում: Պատերազմի առաջին եւ երկրորդ օրերին, երբ օդային հարձակում եւ ահազանգ էր լինում, ութամյա զարմիկիս հետ պատսպարվում էինք աստիճանների տակ:
Ես ապրում եմ Կիեւի կենտրոնում՝ Կառավարության շենքի մոտ: Երրորդ օրվա առավոտյան ուկրաինական պաշտոնական ալիքները տեղեկացրին, որ հաջորդ գիշեր Պուտինը պլանավորում է հարձակվել մեր թաղամասի վրա՝ նախագահ Զելենսկուն սպանելու նպատակով: Ժամը վեցին արդեն լսվում էին հրթիռների ու ռումբերի ձայներ, մենք ստիպված էինք լքել քաղաքը:
Իմ տուն գալիս քույրս ու նրա որդին իրենց հետ անգամ չէին վերցրել բիոմետրիկ փաստաթղթեր, եւ քանի որ քաղաքը լքելու մտադրություն ընդհանրապես չենք ունեցել, ոչ մեկս չէր պատրաստվել: Մեր անձնագրերը մուտքագրված են DIIA համակարգում, սակայն թղթային տարբերակները չունեինք: Մեզ հետ վերցրինք Ֆիմա անունով համստերին [մկների ցեղին պատկանող կրծող], ութ ներքնազգեստ, ոչ մի գուլպա, ոչ մի դեղորայք՝ բացի ականջի կաթիլներից:
Խարկովից դեպի արեւմուտք եկող մի կնոջ խնդրեցի իր հետ բերել 70-ն անց ծնողներիս ու հինգամյա որդուս կենտրոնական Ուկրաինայից, քանի որ Մերձդնեստրի ռուսական ուղղաթիռները ռմբակոծել էին Կանատովոն Կրոպիվնիցկիի մոտ։
Նրանք անցել էին Ումանի տարածքով, որտեղ նույնպես ռուսական ռումբեր կային: Տերնոպոլի՝ արեւմտյան Ուկրաինայի ամբողջ ճանապարհին լալիս էինք եւ աղոթում մեր հարազատների ու երկրի համար:
Շատերս ենք խոսում ռուսերեն, բայց մենք մեր ազատ ու անկախ երկրում ենք, որտեղ սիրում ենք ապրել: 24-ժամյա ճանապարհորդությունից հետո վերջապես հանդիպեցինք Տերնոպոլում, բայց հյուրանոցներում ընդհանրապես տեղ չկար: Զանգեցի ընկերուհուս՝ Աննային, նա մեզ համար ապաստարան գտավ Զարվանիցա հունակաթոլիկ եկեղեցում:
Շնորհակալ ենք ապաստարանի եւ հյուրընկալության համար:
Բոլորս աղոթում ենք Ուկրաինայի համար:
Լավագույն մաղթանքներով՝ Օլենա
* * *
ՄԱՐԻԱ
Ողջո՛ւյն, ես Մարիան եմ: Հոգեբան եմ, ապրում եմ Լվովում՝ Ուկրաինայում: Ամեն օր երկուսից յոթ անգամ թաքնվում ենք ռուսական ու բելառուսական ուժերից: Մեր պատսպարվելու վայրը, ո՛չ ռմբապաստարան է, ո՛չ էլ անգամ նկուղ: Պարզապես ավելի ապահով է, քան մեր սենյակներում, քանի որ ռուսական ուժերը կրակում են բնակելի շենքերի վրա:
Քանի դեռ երկինքը փակ չէ, Ուկրաինայում չի կարող լինել որեւէ ապահով տեղ:
Երբ դրսում հանգիստ է, մենք անում ենք ամեն ինչ ուկրաինական զինված ուժերին օգնելու համար: Ուսանողները, մայրերն ու նրանց երեխաները քողարկման ցանցեր են հյուսում, ապա միասին թաքնվում առաջին հարկում:
Երեխաների համար այս ամենը զվարճալի խաղ է: Մեզ համար՝ ոչ: