Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում ռուսաստանյան բյուրոյի աշխատանքը։ Մարտի 4-ին Դաշնային հարկային ծառայությունը դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ ՌԴ-ում մեդիակորպորացիայի շահերը ներկայացնող ՍՊԸ-ի հարկադիր սնանկացման պահանջով:
Վերջին տարիներին լրագրողների վրա ճնշումները զգալիորեն աճել են։ Այս գործողությունները, ըստ մեդիակորպորացիայի, ներկայացնում են «Ազատություն» ռադիոկայանի եւ կորպորացիայի այլ ռուսալեզու նախագծերի խոչընդոտման` տարիներ շարունակվող արշավի գագաթնակետը:
«Վլադիմիր Պուտինի՝ մարտի 4-ին ստորագրած օրենքը, որը պատժում է իբր «զինված ուժերի կիրառման մասին կեղծ տեղեկությունների հաղորդումները», նախատեսում է մինչեւ 15 տարվա ազատազրկում ցանկացած լրագրողի համար, որը կասկածի տակ է դնում ուկրաինական տարածք ռազմական ներխուժման պաշտոնական մեկնաբանությունը։ Ուստի մեր լրագրողներն այս իրադարձությունների մասին կտեղեկացնեն Ռուսաստանի սահմաններից դուրս»,- ասվում է կորպորացիայի հաղորդագրության մեջ։
«Այսօր ես հայտնում եմ այդ մասին խոր ափսոսանքով»,- ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը` հավելելով, որ սա հարկադրված որոշում է` «Պուտինի ռեժիմի հարձակումը ճշմարտության վրա»:
Արգելում են «հատուկ գործողություն» եզրույթի փոխարեն օգտագործել «պատերազմ»-ը
«Մենք կշարունակենք մեր լսարանին տեղեկություն տրամադրել Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Իրավիճակը դեռևս մռայլ է, սակայն մեր կորպորացիայի 70-ամյա պատմությունը ցույց է տալիս, որ մի գեղեցիկ օր, եւ դա գուցե շատ հեռու չէ, մենք հնարավորություն կունենանք վերաբացելու բյուրոն։ Ժամանակը ազատության կողմից է, նույնիսկ պուտինյան Ռուսաստանում»,- հայտարարել է ռադիոկայանի նախագահը:
Նախորդ շաբաթ արգելափակվել էր «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հիմնական կայքէջը, դրանից զատ արգելափակվել էին նաեւ դրա մի շարք այլ շրջանային կայքեր:
Ըստ ռուսական իշխանության` օտարերկրյա լրատվական աղբյուրների հաղորդագրությունները պարունակում են զանգվածային անկարգություններին, ապօրինի հանրային ցույցերին եւ ծայրահեղական այլ միջոցառումներին մասնակցելու ուղերձներ:
Ռուսաստանի իշխանությունները կտրականապես արգելում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը մամուլում որակել որպես «պատերազմ» եւ պնդում են, թե անհրաժեշտ է կիրառել «հատուկ գործողություն» եզրույթը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բյուրոն Մոսկվայում բացվել է 1991-ին՝ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հրավերով: