Կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը Հրազդան գետի Երեւանյան լճի հատվածում հերթական հետազոտության ժամանակ կրկին ականատես էր եղել տխուր իրողության:
Ջրի մակարդակի մասամբ իջեցման պատճառով ափերը ծածկված են տարատեսակ աղբով։ Ափին կուտակված կամ ջրի մակերեսին լողացող տիղմի պատճառով էլ լճի մոտակայքում գարշահոտություն է տիրում։
Դեռեւս 2021 թվականին Երեւանի քաղաքապետարանը լճի էկոլոգիական վիճակի բարելավման նպատակով կազմել է Հրազդան գետի ու լճի առափնյա տարածքների մաքրման 112 միլիոն 860 հազար դրամ արժողությամբ ծրագիր: Աղբորսիչ միջոցառումները պետք է մեկնարկեին այս տարի:
«Եթե իսկապես նման ծրագիր կա, արդեն իսկ դրա իրականացման ժամանակն է»,- նշել է պարոն Պիպոյանը։
Հրազդան գետի ջրի որակը Քաղսի գյուղից ներքեւ՝ «վատ», Երեւանից ներքեւ՝ «վատ» մշտապես
Փորձագետների կարծիքով այդ աշխատանքները պետք է կատարվեին մինչեւ գարուն՝ լճում բնակվող ձկների, երկկենցաղների, թռչունների ու կաթնասունների տեսակներին առավել քիչ վնաս հասցնելու նպատակով։ Սակայն գործողությունները, չգիտես ինչու, ուշանում են:
Հրազդան գետի ջրի որակը, ըստ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների, Քաղսի գյուղից ներքեւ գրեթե ամեն ամիս գնահատվում է «վատ» (5-րդ դաս), իսկ Երեւանից ներքեւ՝ Հրազդան գետի գետաբերանի ու Գեղանիստ գյուղի մոտ հատվածներում, «վատ» մշտապես:
Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (Ալգ ՔՀՖ ՀԱՊ) երրորդ խմբի անդամները դեռ անցած տարի քաղաքապետարանին համապատասխան առաջարկություններ էին ներկայացրել Հրազդան գետի ու Երեւանյան լճի մաքրման ծրագրի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, առաջարկել քննարկել ու վերանայել ծրագիրը: Սակայն մերժում էին ստացել քաղաքապետարանից՝ պատճառաբանությամբ, թե նախագիծն անցել է հանրային քննարկումների փուլն ու արդեն ընդունված է: Օրերս միայն հաջողվել է այն համատեղ քննարկելու պայմանավորվածություն ձեռք բերել քաղաքապետարանի բնապահպանության վարչության հետ:
Տեղեկացնենք, որ նախորդ տարիներին Երեւանի քաղաքապետարանն իրականացրել է նման աշխատանքներ: Միայն 2021-ին, ըստ Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած տարեկան հաշվետվության, Հրազդանի կիրճի եւ Երեւանյան լճի բարեկարգման համար ծախսվել է 6 միլիոն 841 հազար դրամ:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։