Netflix ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանի տարածքում:
Դեռեւս նախորդ շաբաթ Netflix-ը ժամանակավոր կասեցրել էր բոլոր ապագա նախագծերն ու ՌԴ-ում կոնտենտի գնումները՝ արձագանքելով ռուս-ուկրաինական բախումներին:
«Նկատի ունենալով հանգամանքները՝ որոշեցինք դադարեցնել նաեւ մեր սպասարկման ծառայությունը Ռուսաստանում»,-շեշտել է Netflix-ի անանուն ներկայացուցիչը:
Ավելի վաղ Netflix ընկերությունից հայտարարել էին, որ հակառակ ՌԴ օրենսդրական պահանջների՝ մտադիր չեն իրենց ռուսական ծառայությունում ավելացնել պետական հեռուսաալիքները:
Տեղեկանք
1997-ին հիմնադրված Netflix ընկերությունը, որն ի սկզբանե եղել է առաջին առցանց DVD վարձակալության խանութն աշխարհում, ներկայում համաշխարհային խոշոր ընկերություն է, որը բաժանորդագրման եղանակով մատչելի է դարձնում տարբեր երկրներում նկարահանված լիամետրաժ ֆիլմերն ու հեռուստասերիալները:
2013-ից Netflix-ն արտադրում է սեփական ֆիլմերն ու հեռուստասերիալները, որոնց թվում եւ՝ անիմացիոն, ինչպես նաեւ բազմազան հեռուստածրագրեր:
2016-ին թողարկել է սեփական արտադրության 120 ֆիլմեր ու սերիալներ, ավելի, քան ցանկացած ցանցային կամ կաբելային ալիք: Ընդ որում՝ ընկերությունը 11,8 միլիարդ դոլար է ծախսել 2020-ին սեփական կոնտենտ ստեղծելու համար: 2021-ի հունվարի տվյալներով ընկերությունը ամբողջ աշխարհում 203,7 միլիոն բաժանորդ ունի: