Ուկրաինայի ՊՆ-ից հայտնել են, որ արտերկրից զենքի մատակարարման առումով զգալի առաջընթաց է նկատվում։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ չի մանրամասնի զենք-զինամթերքի մատակարման հարցը, քանի որ դա փափուկ հարց է։ Սակայն նա ընդգծել է, որ ռուսներին տհաճ անակնկալներ են սպասում։
Նա հավելել է, որ մեծ կորուստների հետեւանքով ռազմական գործողությունների ինտենսիվությունը ժամակավորապես նվազել է։ Ըստ Ռեզնիկովի՝ միեւնույն ժամանակ ռուսները փորձում են բոլոր ուժերն ու միջոցները կենտրոնացնել հարձակումների նոր ալիքի համար, առաջին հերթին՝ դեպի Կիեւ, Խարկով, Չեռնիգով եւ Նիկոլաեւ։
«Մենք օգտագործում ենք ամեն րոպեն՝ մեր պաշտպանությունն ավելի ամրապնդելու համար։ Բոլոր ջանքերն ուղղված են մեր պաշտպանների կարիքները բավարարելուն»։
Ուկրաինացի նախարարը նշել է, որ վերջին 3 օրում երկիր են հասցվել ավելի քան 50 հազար սաղավարտ եւ զրահաբաճկոն։