Մինչ թուրքական իշխանությունները փորձում են ցույց տալ իրենց որոշիչ դերը Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության մեջ, ընդդիմադիր մամուլն ահազանգում է Թուրքիայի իրական անզորության ու երկրին սպասող տնտեսական դժվարագույն օրերի մասին։
Նախորդ շաբաթվա ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազանգեր է ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկիի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Սերբիայի, Լիտվայի, Կանադայի վարչապետների հետ, որոնց ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հարցը։ Մարտի 6-ին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ՝ եւս մեկ անգամ շեշտելով Թուրքիայի պատրաստակամությունը խաղաղ բանակցային գործընթացի կազմակերպման հարցում։
Թուրքիայի իշխանամետ ու նաեւ որոշ «անկախ» վերլուծաբաններ հիացմունքով են մեկնաբանում Էրդողանի դիվանագիտական գործունեությունը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության համատեքստում ընդունած հավասարակշռված մոտեցումներն ու խաղաղության տանող ջանքերը։
«Մի կողմից փակելով նեղուցները Ռուսաստանի՝ ոչ Սեւ ծովի նավահանգիստներում մշտական տեղակայում ունեցող նավերի համար, մյուս կողմից չմիանալով Արեւմուտքի պատժամիջոցներին Ռուսաստանի դեմ՝ Թուրքիան հավասարակշռում է Ուկրաինայի ճգնաժամը ու չի պատրաստվում ամբողջությամբ այրելու կամուրջները Ռուսաստանի հետ»,- նշում է լրագրող, սյունակագիր Մուրաթ Եթքինը։
Գանք ընդդիմադիր Sözcü օրաթերթի վերլուծաբաններին․ «Մի քանի հեռախոսազանգից բացի՝ ոչինչ չենք կարողանում անել, այս հարցում մենք կշիռ ունենալ չենք կարող։ Դա էլ բավարար չէր, հեռախոսազրույցներն անգամ օգտագործում ենք իշխանության պրոպագանդայի համար»,- ասում է Էմին Չոլաշանը։
Իշխանամետ մամուլում Թուրքիան հակամարտության ակտիվ հավասարակշռող կողմ է, իսկ ընդդիմադիր մամուլում՝ իշխանության պատճառով տնտեսական ճգնաժամի շեմին կանգնած պետություն։
«Իրենք փռշտում են, մենք հիվանդանում ենք»․ այնքան մեծ տնտեսական կախվածության մեջ է Թուրքիան, որ պատերազմի հետեւանքով տնտեսական վնասներն ու աննկարագրելի գնաճն արդեն զգացնել են տալիս։
Ընդդիմադիրների պնդմամբ՝ պատերազմից հետո լինելու է բնական գազի, բենզինի, էլեկտրաէներգիայի, ցորենի սղություն ու արժեքի բարձրացում, մինչդեռ 20 տարի երկիրը ղեկավարած Էրդողանը կարող էր ճիշտ քաղաքականություն վարել ու ապահովել երկրի տնտեսական անկախությունը։
Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի՝ Թուրքիայի տնտեսությանը հարված հասցնող մեկ այլ կողմը․ ամեն տարի Թուրքիա այցելում էին ուկրաինացի եւ ռուս միլիոնավոր զբոսաշրջիկեր՝ ապահովելով ոլորտի եկամուտների մեծ մասը։ Դե իսկ պատերազմից հետո, ակնհայտորեն, ո՛չ Ռուսաստանի ու ո՛չ էլ առավել եւս Ուկրաինայի քաղաքացիներն ի վիճակի չեն լինելու լցնելու Թուրքիայի բյուջեն իրենց այցերով։
«Իսկ մեզ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հանգուցալուծման հարցում մեծ պարտականություն է բաժին ընկնում՝ անդադար աղոթել, որպեսզի պատերազմը րոպե առաջ ավարտվի, թե չէ առանց այն էլ նկատվող գնաճն ավելի սարսափելի չափերի կհասնի»,- խորհուրդ է տալիս Sözcü-ի սյունակագիրը՝ ցույց տալով իրադարձություններում որեւէ որոշիչ դեր խաղալու Թուրքիայի անկարողությունը։